Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշում է կայացրել սահմանափակել միջամտությունները փոխարժեքի շուկայում` “հաշվի առնելով առեւտրի պայմանների վատթարացումն ու կապիտալի ներհոսքի աճի տեմպի դանդաղումը”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքերով, այդ սահմանափակումը թույլ կտա, որպեսզի փոխարժեքը ձեւավորվի մակրոտնտեսական պայմաններին համապատասխան, ինչը զգալիորեն կբարելավի Հայաստանի մրցունակությունը եւ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: ՀՀ ԿԲ-ի գնահատակաների համաձայն` 2009 թվականին հավասարակշռված փոխարժեքը $1-ի դիմաց ակնկալվում է 360-380 դրամի միջակայքում: ԿԲ խորհուրդը վճռել է, որ չնայած նրան, որ համաշխարհային շուկայում գների անկումն ու ներքին պահանջարկի աճի դանդաղումը նպաստում են ցածր գնաճին, այնուամենայնիվ, դրամի արժեզրկման պայմաններում հնարավոր գնաճը կարող է գերազանցել սպասվող մակարդակը` այս տարի հասնելով 8-9%-ի: Արթուր Ջավադյանը տեդեկացրել է, որ հաշվի առնելով այս համգամանքը` ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսային կետով` այն սահմանելով 7,75%-ի մակարդակում: ԿԲ ղեկավարը նշել է, որ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու որոշումը կայացվել է այն համգամանքի հիման վրա, որ ՀՀ ֆինանսական համակարգը “կայուն է, գերկապիտալացված եւ պատրաստ է դիմակայել համաշխարհային ճգնաժամի մարտահրավերներին”: “ԿԲ-ի` ֆինանսական կայունությանն ուղղված դրամավարկային քաղաքականությունը տվել է իր դրական արդյունքը եւ հետագայում ուղղված է լինելու գների կայունության ապահովմանը”,- ասել է Արթուր Ջավադյանը: Փոխարժեքի շուկայում ԿԲ-ի հետագա միջամտությունն ուղղված է լինելու կտրուկ տատանումների հարթմանը, տեղեկացրել է ՀՀ ԿԲ ղեկավարը: Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ արդեն այսօր դոլարի փոխարժեքը կարող է հասնել 360-380 դրամի, սակայն “Հայաստանի առեւտրային բանկերը գերկապիտալացված են, նրանց իրացվելիությունը կազմում է $700 մլն, ինչը թույլ է տալիս նրանց հեշտությամբ փոխարկել տարադրամը”: ՀՀ ԿԲ ղեկավարը հանդես է եկել սուր քննադատությամբ մասնավոր փոխարկման կետերի հասցեին, քանի որ “նրանք չեն կատարում տարադրամի փոխարկման իրենց հիմնական գործառույթը, այլ սատարում են ստվերային տնտեսությունը, եւ հենց նրանք են մեղավոր փոխարժեքի շուկայում վերջին օրերի խառնաշփոթի համար”: Tweet Դիտում՝ 16635