«Արմբրոկ»-ից ՝ ROQ Capital. «Մեծ տրանսֆորմացիա հայաստանյան ներդրումային ոլորտում»

30.04.2026 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Ապրիլի 29-ին Երեւանում տեղի է ունեցել հայաստանյան ներդրումային ոլորտի համար նշանակալի իրադարձություն․ ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը ներկայացել է նոր բրենդի ներքո՝ ROQ Capital։ 


Ռեբրենդինգի պաշտոնական միջոցառմանը ներկա էին շուրջ 300 գործընկերներ, հաճախորդներ եւ հյուրեր։


Ընկերության ղեկավար Արամ Կայֆաջյանը նշել է, որ տարիների ընթացքում «Արմբրոկ»-ը ձեւավորել է վստահելի եւ երկարաժամկետ գործընկերոջ համբավ, հաճախորդների կայուն բազա եւ առաջատար դիրք հայկական արժեթղթերի շուկայում։ 

«Այս փորձն ու կուտակված մասնագիտական կապիտալը դարձել են այն հուսալի հիմքը, որի վրա կառուցվել է ընկերության զարգացման, մեծ տրանսֆորմացիայի փուլը։ Արագ փոփոխվող աշխարհում այս որոշումը շատ բնական էր, քանի որ ֆինանսական շուկաները դառնում են ավելի ճկուն, ավելի տեխնոլոգիական, ավելի բաց, ձեւավորվում է նոր ներդրումային մշակույթ, եւ «Արմբրոկ»-ը պարզապես չէր կարող հետ մնալ այս միտումներից»,- նշել է Արամ Կայֆաջյանը:

Նա ընդգծել է, որ ընկերությունն ընտրել է ոչ թե պարզապես փոփոխություններին հետեւելու, այլ՝ այդ փոփոխությունները ձեւավորելու ճանապարհը.

«Այս մեծ տրանսֆորմացիայի հիմքում մի պարզ գաղափար է՝ լինել ավելի ժամանակակից, ավելի հասանելի եւ ավելի գլոբալ գործընկեր մեր հաճախորդների համար»:


Այժմ ընկերությունը հանդես է գալիս նոր բրենդով՝ ROQ Capital, որը խորհրդանշում է ուժ, կայունություն եւ կապիտալի աճի նոր հնարավորություններ։

Ռեբրենդինգի շրջանակում պահպանվել է ընկերության հիմնական գունային ինքնությունը․ կարմիրը շարունակում է մնալ բրենդի հիմնական գույնը, իսկ շուկաների աճն ու դինամիկան խորհրդանշող ցուլի կերպարը պահպանվել է վիզուալ ինքնության մեջ։ Միեւնույն ժամանակ բրենդի վիզուալ լեզուն դարձել է ավելի ժամանակակից, դինամիկ եւ միջազգային շուկաներին համահունչ։

Ռեբրենդինգի շրջանակում փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ ընկերության խմբի ներսում․ «Արմբրոկ»-ի դուստր ընկերությունը՝ «Գլոքալ» փակ բաժնետիրական ընկերությունը, եւս անվանափոխվել է՝ դառնալով ROQ Funds. այն շարունակելու է իրականացնել ֆոնդերի կառավարման գործառույթը՝ զարգացնելով խմբի ակտիվների կառավարման ուղղությունը։

Ռեբրենդինգի հետ միասին ROQ Capital-ը ներկայացրել է նաեւ մի շարք կարեւոր նորություններ. գործարկվել է ընկերության նոր, ժամանակակից վեբկայքը՝ roqcapital.am, որտեղ ներկայացված են ընկերության ծառայությունները, շուկայի հնարավորությունները եւ ոլորտի նորությունները։ 

Շուտով կներկայացվի նաեւ ժամանակակից ROQ Markets հավելվածը, որը հնարավորություն կտա օգտատերերին արագ, հաշված րոպեների ընթացքում բացել ներդրումային հաշիվ եւ անմիջապես հասանելիություն ստանալ միջազգային ֆինանսական շուկաներին։ Հավելվածը համալրված է արհեստական բանականության (ԱԲ) նորարարական գործիքներով, որոնք օգնում են օգտատերերին կատարել բազմաթիվ գործողություններ ավելի արագ եւ oգտատիրոջ համար հեշտ եւ հարմար միջավայրում։ Մի շարք ինտեգրացիաների շնորհիվ օգտատերերը կստանան եզակի առավելություններ՝ արագ հասանելիություն շուկայի տվյալներին, ներդրումային որոշումների օպտիմալացում եւ ժամանակակից գործիքների աջակցություն, որպեսզի ներդրումների գործընթացը լինի ոչ միայն արագ, այլեւ առավել արդյունավետ։

«Նոր բրենդի ներքո ROQ Capital-ի գլխավոր առաքելությունն է առաջարկել միջազգային չափանիշներին համապատասխան ներդրումային ծառայություններ եւ լինել հուսալի գործընկեր հայաստանյան ներդրողների համար։ Ընկերությունը շարունակում է իր ուղին՝ համադրելով բազմամյա փորձը, նորարարությունը եւ ռազմավարական մոտեցումը՝ ներդրումային ոլորտում ստեղծելով նոր արժեք»,- եզրափակել է խոսքը ROQ Capital-ի ղեկավար Արամ Կայֆաջյանը:
Դիտում՝ 11015

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW