հայrate 2025. Հայտնի են Հայաստանի գրավիչ գործատուներն՝ ըստ ուսանողների

09.02.2026 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#հայrate 2025 #գրավիչ գործատու
Փետրվարի 6-ին տեղի է ունեցել հայrate 2025 հոբելյանական 5-րդ մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգեւատրվել են Հայաստանում գրավիչ գործատուները՝ համաձայն ուսանողների շրջանում անցկացված համապարփակ հարցման։

Գրանթ Թորնթոն Հայաստանը «ՄՌ Ասոցիացիա» մարդկային ռեսուրսների կառավարման հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ արդեն հինգերորդ տարին իրականացնում է ուսանողների շրջանում գործատուների վարկանիշավորման հետազոտական ամենամյա «հայrate» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի ուսանողների շրջանում գործատուի բրենդի ընկալման, վստահության եւ նախընտրության ուսումնասիրությունն է։
 
Որպես գրավիչ գործատու՝ ուսանողները նշել են 100-ից ավելի կազմակերպության անուն, որոնցից մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել է հարցման արդյունքում ամենից շատ ձայներ հավաքած 10-ի անունը:

Առանձնահատուկ շեշտադրվել եւ պարգեւատրվել են «գրավիչ գործատու» եւ «ամենագրավիչ գործատու» անվանակարգերում առավելագույն ձայներ հավաքած կազմակերպությունները: Առաջին հորիզոնականներում տեղ գտած կազմակերպությունների շարքում են՝ Ամերիաբանկ, Դիջիթեյն, Պիքսարտ, Կենտրոնական բանկ, Արդշինբանկ, ՊԵԿ, Սինոփսիս, Ակբա բանկ, Սերվիս Տիտան եւ Սոֆթ Կոնստրակտ ընկերությունները։ 

«Այսօր, երբ աշխատաշուկան շատ արագ է փոխվում, երիտասարդ մասնագետներին ներգրավելու եւ նրանց համար աճի իրական հնարավորություններ ստեղծելու հարցը դարձել է գործատուների կարեւորագույն առաջնահերթություններից։ «հայrate»-ի արդյունքում ստացված պատկերն ազնիվ հայելի է՝ ցույց տալով, թե ինչ ակնկալիքներ ունեն ուսանողները ժամանակակից աշխատավայրից։

Շատերին գրավում է ոչ միայն արժանապատիվ վարձատրությունը, այլեւ թիմային առողջ միջավայրը, մասնագիտական զարգացման թափանցիկ ուղիները եւ իրենց աշխատանքով տեսանելի ազդեցություն ունենալու հնարավորությունը։ Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս գործատուներին վերաիմաստավորել իրենց մարդկային կապիտալի նկատմամբ մոտեցումները՝ ձեւավորելով միջավայր, որտեղ երիտասարդները կարող են ոչ միայն աշխատել, այլ նաեւ աճել, նախաձեռնող լինել եւ համարձակ գաղափարներ կյանքի կոչել։ Այսօր կարող եմ վստահ ասել, որ «հայrate» նախաձեռնությունը շարունակում է ամրապնդել ուսանողների եւ գործատուների համագործակցությունը՝ զարգացնելով գիտակցված ընտրությունների մշակույթ եւ նպաստելով կազմակերպությունների մրցունակության բարձրացմանը»,- ասել է Գրանթ Թորնթոն Հայաստանի մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական ծառայությունների ղեկավար Լիլիթ Գեւորգյանը:

«Գործատուի բրենդն իր բոլոր ածանցյալ գործառույթներով՝ արդարացիություն աշխատավայրում, վստահություն առաջնորդի նկատմամբ, ճիշտ հավաքագրման գործընթացներ եւ այլն, գնալով ավելի բարձր հորիզոնականներ է զբաղեցնում համաշխարհային շուկայում ՄՌԿ համայնքի մասնագիտական գործելաոճում: Այդ մասին են վկայում EAPM-ի 2025թ. վերջին հետազոտության արդյունքները, որտեղ գործատուի բրենդավորումը, որպես կարեւորագույն գործառույթ, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Փաստացի, մենք այս հարցն ավելի շուտ ենք սկսել բարձրաձայնել հայաստանյան շուկայում, քան համաշխարհային համայնքը դրան հասել է: 
Շատ ենք կարեւորում այս միջոցառումը: Շատ մեծ ներդրում ենք ունենում, որպեսզի ավելի ու ավելի շատ ուսանողներ ներգրավենք այս ամենում, որ խրախուսենք երկխոսությունը բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ: Որովհետեւ աշխատաշուկայի զարգացման կարեւորագույն առանցքային անկյունաքարերից մեկը հենց այդ երկխոսությունն է, որի արդյունքում ծնվում են գաղափարներ եւ կատարվում են կոնկրետ գործողություններ»,- ասել է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը:

Միջոցառմանը ներկա էր մոտ 200 մասնակից. այդ թվում ՀՀ ԿԳՄՍ եւ ՀՀ ԱՍՀ նախարարություններից պաշտոնական ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների գործատուների ՄՌԿ մասնագետներ, հայաստանյան մոտ 20 բուհերի ղեկավար անձինք եւ կարիերայի կենտրոնների տնօրեններ, ինչպես նաեւ ուսանողներ:

Նշվում է, որ մասնակիցները բարձր են գնահատել նման նախաձեռնության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի գործատուները «հայrate»-ի շնորհիվ հնարավորություն ունեն գնահատել ինչպես իրենց ձեռնարկած քայլերի արդյունավետությունը, այնպես էլ բացահայտել նոր հնարավորություններ երիտասարդ տաղանդների ներգրավման համար: 

Վերահաստատվել է ուսանող-գործատու կապի պահպանման անհրաժեշտությունն ու ընդգծվեց «հայrate»-ի կարեւորությունը՝ որպես այդ հաղորդակցության բացահայտման գործուն միջոց:

Հետազոտության վերլուծության ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 424
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW