Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, կայացավ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ աջակցությամբ «Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ կողմից վերահրատարակված Ամենագործածական տնտեսագիտական տերմինների բացատրական բառարանի նոր հրատարակության շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին հրատարակման խմբագրական կազմի, ՀՀ կենտրոնական բանկի, ակադեմիական ոլորտի եւ լրագրողական համայնքի ներկայացուցիչները։Բառարանի լրամշակված վերահրատարակումը պայմանավորված է վերջին տարիներին տնտեսության մեջ նոր ուղղությունների եւ տերմինների ի հայտ գալով, որոնք կապված են համաշխարհային տնտեսական փոփոխությունների, տեխնոլոգիական նորարարությունների, միջազգային տնտեսական փոխազդեցությունների եւ թվային տնտեսության զարգացման հետ, որոնք պահանջում են ժամանակակից, ճշգրիտ եւ հստակ բացատրություններ: Բացատրական բառարանի առաջին հրատարակությունը եղել է 2008 թվականին, կրկին Հայէկոնոմբանկի աջակցությամբ։ Այն նախատեսված է եղել հարստացնել տնտեսական լրագրողների ֆինանսական գիտելիքների պաշարը՝ ավելի մատչելի ու կիրառական դարձնելով տնտեսագիտական տերմինները վերլուծական աշխատանքներում։«17 տարի անց այս բառարանի վերահրատարակումը կրկին հաստատում է այն իրողությունը, որ լրագրողների եւ, ինչու չէ, հասարակության տարբեր խմբերի շրջանում ֆինանսական գրագիտությունը զարգացնելու կարիքն արդիական է․ անցել է բավականին երկար ժամանակ, առաջացել են նոր ոլորտներ, հետեւաբար այն բառամթերքը, որը կար 2008 թվականի բառարանում, կարիք ուներ հարստանալու նոր տերմիններով ու դրանց ստուգաբանություններով»,- նշել է «Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ նախագահ Աննա Բաղդասարյանը։«Հայէկոնոմբանկը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում, շարունակում է աջակցել նաեւ կրթությունն ու գիտելիքը խթանող ծրագրերին՝ դիտարկելով դրանք ֆինանսական իրազեկվածության եւ ֆինանսների փոխշահավետ կառավարման կարեւոր նախապայման»,- ասված է հաղորդագրության մեջ։Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 5586