Դրամի թուլացում է սպասվում, կարծում է ՀՀ գործատուների միության ղեկավարը
30.01.2009 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երևան /Մեդիամաքս/. ՀՀ գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանն այսօր ասել է, որ հայկական ապրանքների արտահանման համար դոլարի «հարմար փոխարժեքը» 400-450 դրամն է:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանի հետ համատեղ մամլո ասուլիսում Գագիկ Մակարյանն ասել է, որ Հայաստանում սպասվում է ազգային դրամի թուլացում ԱՄՆ դոլարի նկատմամբ, որը ի թիվս ԵՄ երկրների հետ բարելավված առեւտրային ռեժիմի (GSP+)` նշանակալի խթան կհանդիսանա հայկական ապրանքների արտահանման համար:
Հայաստանը GSP+-ից օգտվելու է 2009թ. հունվարի 1-ից մինչեւ 2011թ. ավարտը:
Մուշեղ Թումասյանն իր հերթին ասել է, որ ազգային դրամի փոխարժեքի փոփոխության կանխատեսելը գրեթե անհնար է, «քանի որ այն կախված է շուկայի փոփոխություններից»:
Նա նշել է, որ GSP+ ռեժիմը, որը հնարավորություն է տալիս ԵՄ շուկաներ արտահանել շուրջ 6400 անուն ապրանքատեսակներ զրոյական կամ զգալիորեն իջեցված մաքսային տուրքերով, նշանակալի խթան կհանդիսանա ՀՀ արտահանման համար, որի ծավալի կեսն ուղղվում է ԵՄ երկրներ:
Առաջիկայում էկոնոմիկայի նախարարության կայքում (www.mineconomy.am) կտեղադրվի իջեցված մաքսային տուրքերով եվրոպական շուկա արտահանվող ապրանքատեսակների ամբողջական ցանկը:
Մուշեղ Թումասյանը հիշեցրել է, որ նախկինում ՀՀ եւ ԵՄ միջեւ գործում էր GSP ռեժիմը, որով իջեցված տուրքերը տարածվում էին 2000 անուն ապրանքատեսակների վրա: Նա հավելել է, որ ներկայումս Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցություններ է վարում առեւտրի լիարժեք ազատ ռեժիմ հաստատելու ուղղությամբ:
«Փետրվարի 17-18-ը Հայաստան կժամանի ԵՄ փաստահավաք առաքելությունը, որը կկազմի այն չափանիշների ցուցակը, որոնց պետք է համապատասխանի մեր պետությունը Եվրոպայի հետ ազատ առեւտրային ռեժիմ հաստատելու համար»,- ասել է Մուշեղ Թումասյանը:
Խոսելով 2009թ. ՀՀ տնտեսական աճի կանխատեսումների մասին` Մուշեղ Թումասյանը համաձայնել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ, ըստ որի` Հայաստանում 2009 թվականին սպասվում է ՀՆԱ-ի 5.5% աճ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: