Կառավարությունը հաստատել է Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը։ Սահմանվել է, որ հաստատված ծրագրով նախատեսված օժանդակությունը կտրամադրվի 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված արտահանումների համար։Որոշումը հնարավորություն կտա ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջը արտահանել ՀՀ ծագում ունեցող ապրանք եւ ստանալ օժանդակություն, որպեսզի կարողանա սկզբնական ժամանակաշրջանում դիրքավորվել արտահանման շուկաներում եւ ներկայացնել սեփական արտադրանքը։ Նշվում է, որ օժանդակությունը կտրամադրվի որոշ թիրախային ապրանքային խմբերի եւ կկրի ժամանակավոր բնույթ։ Օժանդակության տրամադրման գումարի հաշվարկման համար արդյունավետ եւ պարզ համակարգ ներդնելու նպատակով նախատեսվել է հիմք ընդունել արտահանող երկրի ապրանքային հայտարարագրի մաքսային արժեքի եւ ներմուծման երկրում փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարը։ Ընդ որում՝ օժանդակությունը կտրամադրվի ներմուծման երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափով, եթե ներմուծման երկրում տվյալ ապրանքի ներմուծման համար սահմանված չէ մաքսատուրքի զրոյական դրույքաչափ, ինչպես նաեւ հաշվարկման ժամանակ հաշվի չի առնվելու հակագնագցման համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափերը, եթե այդպիսիք կլինեն այդ ապրանքային խմբերի համար։Որպես արտահանվող երկրներ ընտրված են Եվրոպական միության անդամ պետությունները եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, քանի որ այդ շուկաները հանդիսանում են բարձր ստանդարտներ պահանջող, եւ այդ շուկաներում ժամանակավոր օժանդակության տրամադրման պարագայում տեղական ընկերությունները կդիրքավորվեն՝ նաեւ իրենց արտադրանքը վերոնշյալ ստանդարտներին համապատասխանեցնելու միջոցով դառնալով ավելի մրցունակ։Համաձայն կատարված գնահատականների՝ օժանդակության գումարը առավելագույնը կկազմի տարեկան մոտ 15 մլրդ դրամ։ Tweet Դիտում՝ 1782