«Աթենք Մսամթերք». 10 մլրդ դրամ ներդրում` սննդի արդյունաբերության ոլորտում

04.10.2024 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի վարչական տարածքում «Աթենք» ընկերության արտադրական նոր համալիրի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ընկերության գլխավոր ինժեներ, նոր արտադրական համալիրի տեխնոլոգիական նախագծի համահեղինակ Լաերտ Իսրայելյանը՝ հավելելով, որ արդեն գալիք տարվա առաջին կիսամյակում նորակառույց արտադրական համալիրը կհանձնվի շահագործման։ Արտադրական համալիրի տարածքն ընդգրկում է շուրջ 50 հազար քառակուսի մետր։


 
«Համալիրը ներառում է միջազգային նորմերով կառուցված մսամթերքի գործարան, սառնարանային տնտեսություն, վարչական, տնտեսական և ինժեներական մասնաշենքեր, ինչպես նաև հարակից տարածքներում լինելու են կանաչապատ գոտիներ»,-ներկայացրեց Իսրայելյանը։ Մսամթերքի գործարանի արտադրողականությունը կազմելու է օրական շուրջ 120 տոննա։



«Նոր գործարանն ամբողջությամբ կառուցվում է միջազգային չափանիշներին (ISO) համապատասխան, ինչը թույլ կտա  մեր արտադրանքն արտահանել  միջազգային տարբեր շուկաներ։ Բացի այդ, ձեռք ենք բերել եվրոպական նորագույն սարքավորումներ, ISO ստանդարտներին համապատասխանող չորանոցներ, մսի մշակման հաստոցներ։ Գործարանը զինված է լինելու նաև նորագույն լաբորատոր սարքավորումներով, որոնք որակի հսկողության գործող համակարգերի հետ համատեղ շարունակելու են ապահովել մեր արտադրանքի կայուն բարձր որակը»,-ընդգծեց գլխավոր ինժեները։



Հատկանշական է, որ շրջակա միջավայրի աղտոտումը բացառելու նպատակով պլանավորվել է նաև թափոնի տեսակավորում՝ հետագա վերամշակման համար։Նոր արտադրական համալիրի նշանակության ու կարևորության վերաբերյալ զրուցեցինք նաև ընկերության գլխավոր տնօրեն Բագրատ Աբրոյանի հետ, ով նշեց, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է կատարել շուրջ 10 մլրդ դրամի ներդրում, որի զգալի մասն արդեն կատարվել է։

«Համալիրը ոչ միայն մեր ընկերությանը, այլև մեր երկրի և ողջ տարածաշրջանի մսամթերքի շուկային նոր շունչ է հաղորդելու։ Ստեղծվելու է  շուրջ 300 նոր աշխատատեղ, հնարավորություն է լինելու ավելի արագ արձագանքել շուկայի պահանջներին, ինչպես նաև բարելավել մեր մատակարարման շղթաները»,-շեշտեց Աբրոյանը։



Անդրադառնալով նոր արտադրական համալիրի կառուցման հիմնական շարժառիթներին՝ ընկերության գլխավոր տնօրենը պարզաբանեց, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող գործարանը, արտադրական ծավալների ընդլայնմամբ պայմանավորված, չի ապահովում անհրաժեշտ արտադրողականությունը։



«Միաժամանակ, տարիների ընթացքում գործարանի շրջակայքում կառուցվել են բազմաթիվ բազմաբնակարան շենքեր, ուստի առաջնորդվելով սոցիալական պատասխանատվության սկզբունքներով, դեռևս 5 տարի առաջ որոշում ենք կայացրել տեղափոխել գործարանը։ «Աթենք» ընկերությունը շարունակելու է իր առաքելությունը՝ հաճախորդների համար ապահովել բարձրորակ սննդամթերք: Վստահ ենք, որ արտադրական համալիրը դառնալու է մեր ապագա հաջողությունների հենասյունը», -հավելեց ընկերության գլխավոր տնօրենը:
Դիտում՝ 1897
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW