Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցելու համար պարտադիր է միանալ հարկայինի էլ. համակարգին

15.08.2024 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տաքսի ծառայություն #ՊԵԿ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման նոր կարգավորումները։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին եւ տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն:

Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին։ Սեպտեմբերի 1-ից պարտադիր է դառնում նաեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցողների համար էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը։ Յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում ուղեւորափոխադրման ծառայություն մատուցողը պարտավոր է պատվիրատուին տրամադրել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն: Այն դեպքում, երբ թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներն իրականացվում են էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով, ապա պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։

Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ ձեռք բերել դրա մատուցման իրավունքը:

Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն կարող է մատուցել միայն լիազոր մարմնից դրա մատուցման իրավունքը ձեռք բերելու դեպքում, որի համար սահմանված է տարեկան պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի (1000 դրամ) 1000-ապատիկի չափով։ Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է՝

•    ձեւակերպված պատվերների վերաբերյալ լիազոր մարմնին եւ հարկային մարմնին առցանց տրամադրի տվյալների բազայի հասանելիություն,
•    յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում պատվիրատուին տրամադրի փոխադրման ընդհանուր արժեքի մասին տեղեկատվություն,
•    յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում պատվիրատուին տրամադրի պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն,
•    հաշվարկի, գանձի եւ պետական բյուջե վճարի փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով եւ կարգով։

Ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր եւ վճարել պետական տուրք:

Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց կողմից: ՀՀ տարածքում թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների, ինչպես նաեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաեւ արտոնագրի տրամադրման համար պետական տուրքի նոր դրույքաչափերը։

Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

•    2%-ի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից
•    3․5%-ի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից
•    5%-ի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։

Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

•    1․5%-ի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից
•    2․5%-ի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից
•    4%-ի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։

Օրենքը չպահպանելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ:

Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում պետական տուրքի վճարումը չկատարելու դեպքում չվճարված գումարը ենթակա է բռնագանձման՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075%-ի չափով հաշվարկված տույժի հետ միասին: Իսկ այն դեպքում, երբ ուղեւորափոխադրումներն իրականացվում են էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով, ապա պետական տուրքի գանձման եւ պետական բյուջե վճարման համար պատասխանատու են էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը։
 
Միաժամանակ, ՀՀ տարածքում թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն առանց արտոնագրի իրականացնելու, ինչպես նաեւ պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկելու դեպքերում սահմանված է 500 հազար դրամի չափով տուգանք: Իսկ ուղեւորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով:
Դիտում՝ 2669
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW