Հայաստանում Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն այսօր լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասել է, որ լիազորված տնտեսական օպերատորը հատուկ կարգավիճակ է, որը մաքսային մարմնի կողմից տրվում է տնտեսվարող սուբյեկտին, եթե այդ սուբյեկտը մաքսային իրավախախտումների տեսանկյունից նվազ ռիսկային է։«Այդ կարգավիճակը տնտեսվարողին հնարավորություն է տալիս օգտվելու մաքսային մի շարք պարզեցված ընթացակարգերից։ Ավելի պարզ ձեւակերպմամբ՝ տնտեսվարողը փուլ առ փուլ դառնում է ինքն իր մաքսային տեսուչը եւ մաքսային մարմինների հետ իր հարաբերությունները հասցվում են նվազագույնի»,– կառավարության նիստին նշել է ՊԵԿ նախագահը:Ռուստամ Բադասյանի խոսքով՝ այս փուլում այդպիսի տնտեսվարողներին նախ տալիս են արտահերթ սպասարկման հնարավորություն.«Երկրորդ, իրենք չեն օգտվելու ժամանակավոր պահպանության պահեստներից, այսինքն` սահմանային անցակետերից կարող են միանգամից իրենց ապրանքը տանել իրենց պահեստ: Հետագա փուլերում եւս երկու պարզեցված ընթացակարգ պատրաստ ենք ներդնել, որով մաքսային մարմնի հետ կապն իսպառ արդեն կբացակայի՝ տնտեսվարողն ինքը կարող է «պլոմբ» կիրառել ներմուծելիս եւ արտահանելիս: Բացի այդ, սահմանային կետից բացթողումը կարող է կատարվել հայտարարագիրը հետագայում ներկայացնելու եւ մաքսային վճարները հետագայում կատարելու պայմանով: Այս մասով թվային լուծումը պատրաստ է եւ այն շուտով կներդրվի»: Tweet Դիտում՝ 1867