ԵԱԶԲ-ն կանխատեսում է ՀՀ տնտեսական աճի մինչեւ 7.5% դանդաղում

16.08.2023 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #Հայաստան #Լույս
«Լույս» հիմնադրամն ուսումնասիրել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հրապարակած հերթական (2023թ. օգոստոսի) ամսական մակրոտնտեսական վերլուծությունը։

Ստորեւ ներկայացվում են վերլուծության Հայաստանին վերաբերող մասի առավել ուշագրավ դրույթները։

Այսպես, վերլուծության մեջ նշվում է, որ 2023թ. հունիսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը էապես նվազել է եւ կազմել 6.8%՝ մայիսի 13.7%-ի դիմաց։ Ամսական տվյալները ցույց են տալիս, որ վերջին շրջանում ՀՀ տնտեսական աճին առավել մեծ նպաստում ունեցած երկու ոլորտում՝ ծառայություններում եւ առեւտրում, աճը զգալիորեն դանդաղում է։

«Թերեւս դա է պատճառը, որ ԵԱԶԲ փորձագետները 2023թ. համար կանխատեսում են ՀՀ տնտեսական աճի դանդաղում մինչեւ 7.5%։ Ընդ որում, նշվում է, որ այդ տեմպը կապահովվի հիմնականում շնորհիվ առաջին կիսամյակում արձանագրված տնտեսական ակտիվության բարձր տեմպերի։

Հիշեցնենք, որ 2022թ. ՀՀ տնտեսական աճը կազմել էր 12.6%։ Համաձայն կանխատեսման, փաստացի ստացվում է, որ Հայաստանում տնտեսական աճի բարձր տեմպերով ժամանակաշրջանն ավարտվում է»,- ասված է հիմնադրամի վերլուծության մեջ:

Նշվում է, որ մարդկանց եւ կապիտալի ներհոսքի կտրուկ աճի պատճառով ՀՀ դրամը 2022 թվականի երկրորդ եռամսյակի սկզբից առեւտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ արժեւորվում է: 2022թ. սկզբի համեմատ 2023թ. հուլիսին դրամի արժեւորումը կազմել է դոլարի նկատմամբ՝ 19.8%, եվրոյի նկատմամբ՝ 21.7%, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ 32.4%.

«Իրական արդյունավետ փոխարժեքի առումով դրամը 2022թ. արժեւորվել է 33.6%-ով, իսկ 2023թ. հունիսին՝ 2022թ. սկզբի համեմատ` 40%-ով։ Դրամի արժեւորումը կարող է բացասաբար ազդել արտահանման մրցունակության վրա՝ առաջացնելով, այսպես կոչված, «հոլանդական հիվանդություն» (իրավիճակ, երբ արտարժույթի ներհոսքի կտրուկ աճի հետեւանքով արձանագրվող ազգային արժույթի գերարժեւորումը հանգեցնում է արտադրողների մրցունակության եւ, ի վերջո, արտահանման նվազման)։ Սպառողների եկամուտների կտրուկ աճն ավելացնում է պահանջարկը «ոչ արտահանելի» ոլորտներում (ներառյալ շինարարությունը եւ ծառայությունների ու առեւտրի զգալի մասը), ինչի հետեւանքով ժամանակի ընթացքում ռեսուրսները (ինչպես նյութական ու աշխատանքային, այնպես էլ ֆինանսական) տնտեսության «արտահանելի» ոլորտներից աստիճանաբար տեղափոխվում են «ոչ արտահանելի» ոլորտներ։ Արդյունքում, ժամանակի ընթացքում «արտահանելի» ոլորտների դերը տնտեսությունում կարող է նվազել, իսկ դա որպես կանոն տնտեսական աճի դանդաղման կարեւոր պատճառ է (Magud, Sosa, 2010)»:

Վերլուծությունն ամբողջությամբ այստեղ:
Դիտում՝ 2385
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW