«Այգ-1»-ի շրջանակում Դաշտադեմ եւ Թալին համայնքներում կիրականացվեն 320 միլիոնի զարգացման ծրագրեր

30.06.2023 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՆԻՖ #«Այգ-1» #Մասդար
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Աբու Դաբիի Մասդար ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շրջանակում Թալին եւ Դաշտադեմ համայնքներում արդեն սկսել են իրականացվել սոցիալական զարգացման ծրագրեր:

ԱՆԻՖ-ի հանրային կապերի բաժնից հայտնել են, որ Դաշտադեմ համայնքում կառուցվում է համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մոտ 7 կմ երկարությամբ ոռոգման ջրի համակարգ, որի համար ներդրվում է ավելի քան 220 միլիոն ՀՀ դրամ: Ոռոգման ջրի նոր համակարգից կօգտվի 622 շահառու։ Թալին համայնքում իրականացվում են համայնքային ենթակառուցվածքների կառուցապատման ծրագրեր։

«Այգ-1» ծրագրի շրջանակում Մասդար ընկերության կողմից Դաշտադեմ եւ Թալին համայնքների հետ կնքված նվիրատվության պայմանագրի համաձայն, պետք է իրականացվեն 320 մլն ՀՀ դրամի չափով զարգացման ծրագրեր։

Նշվում է, որ Մասդարի նվիրաբերած գումարն ամբողջությամբ ուղղվելու է համայնքներում տնտեսական եւ սոցիալական ծրագրերի իրականացմանը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջազգային պրակտիկայի լավագույն չափանիշների համաձայն:

Նվիրատվությունը Մասդար ընկերության կողմից արեւային կայանի ներդրումային ծրագրի փաթեթի շրջանակում ստանձնած սոցիալական ներդրումների պարտավորության մաս է կազմում։
Դիտում՝ 5378

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW