Այսօր տեղի է ունեցել «Հայաստանում սոցիալական ներառման եւ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» եռամյա ծրագրի փակման արարողությունը:Եռամյա ծրագրի շրջանակում բազմակողմանի աջակցություն է ցուցաբերվել տարատեսակ սոցիալական խնդիրներ ունեցող շուրջ 10,700 անհատի Հայաստանի հինգ մարզից՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի՝ խթանելով նրանց ինքնաբավ գործառումն ու ներառումը հասարակության կյանքում:Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 5128 ընտանիքի եւ նրա անդամների համար ապահովվել է հասանելիություն տարատեսակ կրթական, առողջապահական, իրավական, հոգեբանական, նյութական, հումանիտար աջակցության եւ այլ ծառայությունների: 3074 ընտանիք ստացել է աշխատանքի տեղավորման կամ ինքնազբաղվածության ծրագրերում ներառման աջակցություն: 1323 ընտանիք ընդգրկվել է դեպքի վարման ծառայություններում: 4000 ընտանիք դիմել է ծրագրին, որոնցից 306 ընտանիք ստացել է փոքր դրամաշնորհ եւ հիմնել սեփական ձեռնարկատիրական գործունեությունը։ 287 սոցիալական աշխատող եւ զբաղվածության մասնագետ հնարավորություն են ստացել յուրացնելու եւ զարգացնելու սոցիալական ակտիվացման եւ դեպքի վարման մասին գիտելիքներն ու դրանց կիրառման գործնական հմտությունները։Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշել է, որ ներդրումներ պետք է անել մարդկանց մեջ՝ փորձելով վերհանել նրանց ուժեղ կողմերն ու ակտիվացման հնարավորությունները.«Ծրագրի ողջ ընթացքում կիրառվել է սոցիալական աշխատանքի այն ձեռագիրը, որը տալիս է այդ հնարավորությունը»:Նշվում է, որ միջոցառման ընթացքում հյուրերը ծանոթացել են աղքատության պայմաններում ապրող շահառուների սոցիալական ակտիվացման, ներառական սոցիալական դեպքի վարման մոդելներին, կատարել շրջայց ընտանեկան բիզնես հիմնած շահառուների բիզնես նախագծերի տաղավարներով՝ ջերմոցային տնտեսություն, ձեռագործ աշխատանք, հացաբուլկեղեն, սննդամթերք եւ տարատեսակ այլ ծառայություններ։ Tweet Դիտում՝ 2081