Ավելի քան 200 խելացի եւ խոստումնալից երիտասարդ, որոնք ընտրվել են 500 դիմորդից, հնարավորություն է ստացել մասնակցելու CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2023-ին, որի գլխավոր գործընկերն այս տարի Բիբլոս Բանկ Արմենիան է։Մրցույթը եզակի ձեւաչափ է, որի շրջանակում մասնակիցները ծանոթանում են տարբեր ընկերությունների մշակույթին եւ աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա:Այս տարի CaseKey-ն անցկացվում է արդեն 3-րդ անգամ։ Ուսանողներն ու երիտասարդ պրոֆեսիոնալները սովորում են Հայաստանի առաջատար մասնագետներից եւ քոուչներից, լուծում են հայկական ընկերությունների կողմից առաջադրված իրական բիզնես խնդիրներ եւ ներկայացնում լուծումներ։Բիբլոս Բանկ Արմենիան, որն այս տարի տոնում է իր հիմնադրման 15 տարին, որոշել է բովանդակալից նախագծերով նշել այդքան կարեւոր իրադարձությունն ու ֆինանսավորել ակադեմիական եւ գործնական կրթական նախաձեռնություններ։Հունիսի 10-ին կայացած առաջին թրեյնինգային օրը CaseKey 2023-ի մասնակիցների հետ է հանդիպել Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը եւ իր մոտիվացիոն խոսքում կիսվել բիզնեսի վարման եւ կառավարման սեփական փորձով։«Մրցույթը երիտասարդների համար հիանալի հնարավորություն է այսօրվա արագ փոխվող աշխարհում գործնական գիտելիքներ ձեռք բերելու: Իրական բիզնես խնդիրների վրա աշխատելը կօգնի մրցակցային առավելություններ ձեռք բերել իրենց ընտրած ոլորտում եւ կուտակել հմտություններ՝ հաղթող ռազմավարություններ ստեղծելու համար: Վստահ եմ, որ յուրաքանչյուր մասնակից մրցույթի շնորհիվ ավելի լավ կհասկանա բիզնես աշխարհն ու ոլորտի բազմաթիվ առանձնահատկությունները»,- նշել է Հայկ Ստեփանյանը։CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հիմնադիր նախագահ Արշակ Կարապետյանն էլ ասել է, որ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցությունը խորհրդանշում է կողմերի համատեղ հանձնառությունը խթանելու ձեռներեցությունը եւ նորարարությունը բիզնես ոլորտում։CaseKey 2023-ի ամբողջ ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան կլինի մասնակիցների կողքին, կսատարի նրանց գործնական կարողությունների զարգացմանը։ Tweet Դիտում՝ 14197