Արցախի պետական նախարար, Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գուրգեն Ներսիսյանն այսօր ասել է, որ հիմնադրամի հանդեպ առկա է ավելի քան 150 միլիարդ դրամի ժամկետանց պարտավորություն: «Այդ գումարները պետք է վերադարձվեն հիմնադրամին», - ասել է նա՝ հիմնադրամի տնօրենին հանձնարարելով սկսել հին եւ ժամկետանց պարտավորություն ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց ծանուցման գործընթացը, տալ ողջամիտ ժամկետ պարտավորությունը կատարելու համար, իսկ հակառակ պարագայում՝ նախապատրաստել հայցեր դատարան դիմելու եւ գումարի բռնագանձումն ապահովելու համար: «Եթե այդ ընթացքում ի հայտ կգան հանցագործության դեպքերի առկայության մասին վկայող տվյալներ, անհրաժեշտ է լինելու դրա վերաբերյալ դիմել իրավապահ մարմիններին: Ամեն դեպքում կձգտեք քաղաքացիաիրավական փոխհարաբերությունների շրջանակում հասնել վեճի կարգավորմանը»,- ասել է պետական նախարարը:«Նա ընդգծել է, որ այդ գործընթացը ունենալու է հակադրվողների մի մեծ բանակ, դրա մասնակիցները արժանանալու են քննադատությունների, հնչելու են վիրավորական արտահայտություններ, առանձին քաղաքական կատարածուներ ստանալու են իրենց պատվերները եւ հարձակում գործելու հրամանները: Բայց պետք է առավելագույնս ազատ լինել նման բնույթի ազդեցություններից, բացարձակապես ուշադրություն չդարձնել դրանց եւ գործել այն գիտակցումով, որ հենց մեզ է վստահված Արցախի Հանրապետության պատմության ամենադժվար ժամանակներում ամենապատասխանատու եւ ծանր աշխատանքներից մեկը իրականացնելու առաքելությունը», - ասված է Արցախի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ:«Հիմնադրամին պատկանող կազմակերպություններ կան, որոնք տեւական ժամանակ գործունեություն չեն իրականացրել ֆինանսական միջոցների բացակայության կամ սղության պատճառով, մինչդեռ դրանց հոգաբարձուների խորհուրդների անդամները ստանում են միլիոնների հասնող վարձատրություն, եւ դա այն դեպքում, երբ այդ միջոցները ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորվում են պետության կողմից: Սա անընդունելի երեւույթ է, պետական միջոցները պետք է օգտագործվեն խնայողաբար, ոչ թե ի շահ ինչ-որ մարդկանց», - ասել է Գուրգեն Ներսիսյանը: Tweet Դիտում՝ 1665