Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր ասել է, որ «արդեն ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների եւ վառելիքի ներկրումը»:Պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ այդ մասին նա ասել է Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում) անցակետի տեղադրման եւ շրջափակումից բխող հումանիտար խնդիրների թեմաներով խորհրդակցության ժամանակ։Նա նշել է, որ «լրացուցիչ սահմանափակումներն Ադրբեջանի կողմից հանգեցրել են նույնիսկ նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության»: «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արդեն ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների եւ վառելիքի ներկրումը, ինչը լրացուցիչ դժվարություններ եւ սահմանափակություններ է առաջացրել բնակչության կարիքների բավարարման աշխատանքներում։ Արդյունքում, չենք կարողացել մատակարարել նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալը՝ դրանցում նշված ժամկետում, որի պատճառով մենք հետաձգելու ենք կտրոնների գործունեության ժամկետը, որպեսզի մեր բնակչությունը կարողանա օգտվել այդ հնարավորությունից»,- ասել է Արցախի պետնախարարը:«Պետնախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել Շուշիի շրջանի չորս համայնքի բնակչության համար առաջացած սուր հումանիտար խնդիրներին, քանի որ շրջափակված են երկու կողմից՝ Շուշիի ու Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետի հատվածներում»,- ասված է հաղորդագրությունում:Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը եւ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի մուտքի մոտ տեղադրել անցակետ: Tweet Դիտում՝ 1384