Հայաստանը դարձել է ՀԲ Միջազգային զարգացման ընկերակցության դոնոր

11.04.2023 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ
Հայաստանը պաշտոնապես դարձել է Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ։

Որոշումը պաշտոնականացվեց է Վաշինգտոնում կայացած արարողության ընթացքում, որի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՄԶԸ հանձնառության ստորագրված փաստաթուղթը հանձնել է Համաշխարհային բանկի Զարգացման ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկո Նիշիոյին եւ Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխտնօրեն Անտոնելլա Բասանիին։

«Հայաստանը, լինելով միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, այլևս չի օգտվում Միջազգային զարգացման ընկերակցության աջակցությունից։ Կարծում ենք՝ եկել է ժամանակը, որ Հայաստանը սկսի աջակցել օժանդակության կարիք ունեցող երկրներին։ Սա հրաշալի հնարավորություն է Հայաստանի համար՝ մի կողմից օգնելու ցածր եկամուտ ունեցող երկրներին, մյուս կողմից՝ իր երախտագիտությունը հայտնելու ժամանակին ստացված համանման աջակցության համար։ Այս քայլով Հայաստանը ևս մեկ անգամ կվերահաստատի ինչպես Համաշխարհային բանկի խմբի հետ արդյունավետ փոխգործակցությունը, այնպես էլ իր համաձայնությունը ՄԶԸ կողմից իրականացվող քաղաքականությանը», - ասել է Մհեր Գրիգորյանը:

Ստեղծվելով 1960 թվականին՝ ՄԶԸ-ն Համաշխարհային բանկի՝ աշխարհի ամենաաղքատ երկրներին աջակցելու հիմնական գործիքն է՝ դրամաշնորհների և զրոյականից մինչև ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրման միջոցով, որոնք ուղղված են տնտեսական զարգացման խթանմանը, արտադրողականության բարձրացմանը և այդպիսով՝ ողջ մոլորակում կենսամակարդակի բարձրացմանը։ Հայաստանը ՄԶԸ-ին անդամակցել է 1993 թվականին և այդ ժամանակից ի վեր որպես շահառու 1.4 միլիարդ դոլարի ֆինանսական օժանդակություն է ստացել։

«Հայաստանը միանում է դոնորների համաշխարհային համայնքին, որը ՄԶԸ-ին հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով ֆինանսավորում տրամադրելու աշխարհի 75 ամենաաղքատ և ամենախոցելի երկրներին` իրենց զարգացման կարիքները հոգալու համար: Դրվատում եմ Հայաստանի այս օրինակելի քայլը, որը դադարելով ՄԶԸ աջակցություն ստացող երկիր լինելուց, այժմ ցանկանում է վերադարձնել՝ ինչը համաշխարհային միասնության և միջազգային համագործակցության դրսևորում է», - ասել է Ակիհիկո Նիշիոն։
Դիտում՝ 12572
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW