Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները կձեւավորեն միասնական հարթակ

22.03.2023 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ՀԱԳՄ #միասնական հարթակ
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախաձեռնությամբ մարտի 21-ին տեղի է ունեցել տնտեսական ուղղվածության շուրջ մեկ տասնյակ հասարակական կառույցների ղեկավարների հանդիպում՝ ոլորտային ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ձեւավորման հնարավորությունն ու ձեւաչափը քննարկելու օրակարգով։

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ երկարամյա փորձը, պետական տնտեսական կառույցների հետ շփումները, քննարկումները հանգեցրել են համոզման, որ տնտեսությանն առնչվող հիմնահարցերի վերհանումը, լուծումների մշակումն ու դրանց առաջմղումն առավել արդյունավետ դարձնելու համար նպատակահարմար է ձեւավորել գործարարության շահերը ներկայացնող հասարակական կառույցների միասնական հարթակ։

Նրա խոսքով՝ հարթակը կմիավորի շահագրգիռ կառույցների փորձագիտական ներուժը, վերլուծական հզորությունը, թույլ կտա հարցադրումները դիտարկել տարբեր տեսանկյուններից, ձեւավորել միասնական մոտեցումներ։

Հայաստանի բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանը նշել է, որ թեեւ ՀԿ-ներից յուրաքանչյուրն ունի ոլորտային իր առաջնահերթությունները, այդուհանդերձ, քիչ չեն նաեւ այն խնդիրները, որոնք համընդհանուր հետաքրքրության առարկա են:
Նրա խոսքով՝ հարթակը կնպաստի նաեւ միջազգային կառույցների հետ համագործակցությանը։

Կառուցապատողների հայկական ասոցիացիան ներկայացնող Արմեն Մկոյանն էլ ասել է, որ միասնական հարթակի ձեւավորմամբ հնարավոր կլինի ակտիվացնել մասնակցությունը երկրում վարվող տնտեսական քաղաքականությանը, նոր աստիճանի բարձրացնել պետություն-մասնավոր երկխոսությունը։

Միասնական հարթակի ձեւավորման առնչությամբ իրենց դրական նկատառումներն են ներկայացրել Գինու ազգային կենտրոն ՀԿ-ի, Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության, Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի, ՀՀ դեղ արտադրողների միության, «Մանթաշյանց» գործարարների միության, Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության ղեկավարները։
Դիտում՝ 2302
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW