Երեւանում կկայանա առաջին Doing Digital ֆորումը

13.03.2023 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#SPRING PR #Ամերիաբանկ #Doing Digital
Ապրիլի 5-ին Երեւանում կանցկացվի առաջին «Doing Digital - Բացահայտելով թվային ապագան» ֆորումը, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը:

Միջոցառման նպատակն է ներկայացնել թվային փոխակերպման վերջին միտումներն ու լավագույն փորձը, համաշխարհային տեխնոլոգիական եւ բիզնես հանրույթի շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը: Միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը։

Ինչպես հայտնել են SPRING PR ընկերությունում, Doing Digital ֆորումի գլխավոր խոսնակը թվային փոխակերպումների եւ ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիներն է:

Քրիս Սքիներն այսօր տեխնոլոգիաների եւ ֆինանսական շուկաների ամենաազդեցիկ մասնագետներից ու ամենավաճառվող հեղինակներից մեկն է աշխարհում: Նա նաեւ The Finanser խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, ֆինանսական տեխնոլոգիաների եւ բանկային գործունեության վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ, այդ թվում՝ «Digital  Human», «Digital Bank», «The Future of Banking», «ValueWeb»:

Սքիները որպես գլխավոր խոսնակ է հանդես գալիս ֆինթեքի առաջատար միջազգային համաժողովների ու միջոցառումների ժամանակ, ներկայացնում իր մոտեցումները ոլորտի վերջին զարգացումների եւ թվային փոխակերպումների ապագայի վերաբերյալ: Doing Digital ֆորումը նրան Հայաստանում հյուրընկալելու եւ ունկնդրելու բացառիկ հնարավորություն է ընձեռում:

Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, իրենց գիտելիքով եւ տեսլականով կկիսվի նաեւ ավելի քան 15 խոսնակ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից ու Forbes-ից, Visa, Apricot Capital, Revytech, Hexens, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, ինչպես նաեւ ՀՀ կառավարությունից, SPRING PR ու Ամերիաբանկ ընկերություններից։

Doing Digital ֆորումի խոսնակները կպատմեն, թե ինչպես թվային փոխակերպումները ծառայեցնել բիզնեսի աճին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության, կխոսեն տվյալների պաշտպանության եւ կիբերանվտանգության ռիսկերի կառավարման ու թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների մասին։ Անդրադարձ կլինի նաեւ կրիպտոարժույթներին, Metaverse-ին, NFT-ին, եկամտի հնարավոր աղբյուրներին եւ դրանց առնչվող ռիսկերին։

«Doing Digital ֆորումը բոլոր նրանց համար է,  ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ,  այդ թվում՝ բիզնեսի առաջնորդներ, ՏՏ մասնագետներ, ստարտափներ, ներդրողներ եւ վենչուրային կապիտալիստներ, PR-ի, մարքեթինգի ու վաճառքի մասնագետներ, պետական կառույցների աշխատակիցներ եւ այլն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 19084
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW