«Ոսկե վիզաների» ոսկե դարաշրջանի ավարտը Եվրոպայում

18.02.2023 | 19:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրոպա #«Ոսկե վիզաներ»
Եվրոպայում «ոսկե վիզաների» ոսկե դարաշրջանը, կարծես, մոտենում է ավարտին, գրում է Bloomberg-ն այն լուրերի ֆոնին, որ Պորտուգալիան եւ Իռլանդիան որոշել են դադարեցնել դրանց տրամադրումը։

«Հետաքրքիր պարադոքս կա, որին բախվում են երկրները, մի կողմից՝ նրանք ներդրումներ են ցանկանում։ Սրա հակառակ կողմը քաղաքական մեծ միտումն է՝ կապված այն հանգամանքի հետ, որ մեծահարուստ օտարերկրյա ներդրողներն արտոնյալ կարգավիճակ ունեն, եւ սա այն դեպքում, երբ հանրության առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ կան»,- նշել է Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր Ուիլ Հարվին:

Bloomberg-ը հիշեցնում է, որ եվրոպական երկրներն, այդ թվում՝ Պորտուգալիան, Իռլանդիան, Հունաստանը եւ Իսպանիան, ֆինանսական ճգնաժամից հետո գործարկել էին «Ոսկե վիզաների» ծրագիրը՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։ Արդյունքում նրանց հաջողվել է արտասահմանից միլիարդավոր դոլարներ ներգրավել։

RBC-ի փոխանցմամբ՝ միլիոնատեր ներդրողներին ուղղված բրիտանական վիզային ծրագիրն ավարտվել է անցած տարի։ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Սուելլա Բրավերմանը նշել էր, որ տասը ռուսաստանցիներ, որոնց նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել, նախկինում օգտվել են Թագավորության վիզային ծրագրից։

Անցած տարվա ապրիլին Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ ներդրողներին Եվրամիության անձնագրեր տրամադրելու սխեմաները «խաթարում են ԵՄ քաղաքացիության էությունը»: ԵՄ անդամ երկրի քաղաքացիությունը տալիս է ազատ տեղաշարժի, միության ներքին շուկային հասանելիության, ինչպես նաեւ պասիվ եւ ակտիվ ընտրական իրավունքի հնարավորություն։ Նման սխեմաների ռիսկերն ակնհայտ դարձան ՌԴ ռազմական գործողության մեկնարկից հետո, ասված էր Եվրահանձնաժողովի փաստաթղթում։

Այս տարվա փետրվարի 14-ին Իռլանդիայի արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ «Ոսկե վիզայի» ծրագիրը կդադարեցվի դրա «նպատակահարմարությունը» ստուգելուց հետո:

Երկու օր անց Պորտուգալիայի իշխանությունները հայտարարեցին, որ երկիրը կդադարեցնի նոր «ոսկե վիզաների» տրամադրումն այն մտավախության պատճառով, որ օտարերկրյա գնորդները բարձրացնում են անշարժ գույքի գները: Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոստան դեռեւս 2022 թվականի նոյեմբերին նշել էր, որ ծրագիրն արդեն հասել է իր նպատակին, եւ այն շարունակելու պատճառ չկա։ Պորտուգալիան դադարեցրեց ռուսաստանցիներին «ոսկե անձնագրերի» տրամադրումը 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց եւ ԵՄ պատժամիջոցների սահմանումից հետո։ Մինչ այդ ծրագրի շրջանակում կացության թույլտվություն էր ստացել Ռուսաստանի 431 քաղաքացի։
Դիտում՝ 10029
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW