Երեւան /Մեդիամաքս/. Այսօրվանից Հայաստանի ֆոնդային բորսան /ՀՖԲ/ երկարեցնում է կորպորատիվ արժեթղթերի առեւտրային նստաշրջանի տեւողությունը` մեկ ժամից այն դարձնելով չորս ժամ: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են ՀՖԲ մամլո ծառայությունում, այսուհետ կորպորատիվ պարտատոմսերի եւ բաժնետոմսերի բորսայական առեւտուրը տեղի է ունենալու յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-ից 15:00-ը` ինչպես եւ արտարժույթի ու պետական պարտատոմսերի բորսայական առեւտուրը: ՀՖԲ-ում նշել են, որ առեւտրային նստաշրջանի երկարացումը հնարավոր է դարձել NASDAQ OMX Armenia-ի մասնագետների կողմից մշակված նոր ծրագրային մոդուլների ներդրման շնորհիվ, որոնք թույլ են տալիս ավտոմատացնել նախա- եւ հետառեւտրային գործընթացները: Կատարելագործված նախաառեւտրային գործընթացի շրջանակներում բորսայական առեւտրի բացումից առաջ ՀՖԲ անդամ ընկերությունների կողմից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիային (ՀԿԴ) ուղարկվող` առեւտրի համար նախատեսված արժեթղթերի արգելադրման հանձնարարականներն այժմ ավտոմատ կերպով մուտքագրվում են ՀԿԴ համակարգ: Առեւտրի ավարտից հետո կողմերի` առեւտրի արդյունքում առաջացած պարտավորություններն ավտոմատ կերպով որոշվում են, վերածվում վճարման էլեկտրանային հանձնարարագրերի, այնուհետեւ ուղարկվում են ՀՀ Կենտրոնական բանկ` վերջնահաշվարկն իրականացնելու համար: “Նախա- եւ հետառեւտրային գործընթացների ավտոմատացումը թույլ է տալիս հայաստանյան ներդրումային ընկերությունների եւ բանկերի համար ապահովել ավելի հարմարավետ եւ տեխնոլոգիապես ավելի բարձրակարգ առեւտրային միջավայր”,- նշել են ՀՖԲ մամլո ծառայությունում: Tweet Դիտում՝ 6644