Կայացել է Ֆասթ Բանկի պաշտոնական շնորհանդեսը

17.12.2022 | 09:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #թվային բանկինգ
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն այլևս բանկ է։ Դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆասթ Բանկի պաշտոնական շնորհանդեսի ինքնատիպ միջոցառումը, որին ներկա էին Կենտրոնական բանկի ղեկավարներ, ֆինանսական համակարգի ներկայացուցիչներ, գործընկերներ: Միջոցառման հատուկ հյուրն էր աշխարհահռչակ ջազային մեներգչուհի, Գրեմմի եռակի մրցանակակիր՝ Դի Դի Բրիջուոթերը։

Շնորհանդեսի իր ելույթում Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանն պատմել է, թե ինչպես է 29 տարի առաջ ծնվել բանկ հիմնելու երազանքն ու թիմի երկարատև, նպատակասլաց աշխատանքի արդյունքում իրականություն դարձել:

«Ֆասթ ընկերության ստեղծման գաղափարը շատ պատահական, բայց, միևնույն ժամանակ, ճիշտ որոշում էր մեզ համար։ 1993թ․ դեկտեմբերին կատարեցինք մեր առաջին ներդրումը և գնեցինք Աբովյան 37 հասցեում գտնվող տարածքը։ Այսօր մենք ականատես ենք, թե ինչպես են տեխնոլոգիաները փոխում բոլորիս կյանքը, և բանկերը բացառություն չեն։ Հանդիսանալով Հայաստանի IT ոլորտի ամենախոշոր՝ Սոֆթկոնստրակտ ընկերության հիմնադիրներ, պարզապես չէինք կարող մեր փորձառությունը և գիտելիքը չփոխանցել և չկիրառել Ֆասթ Բանկի հետագա զարգացման գործընթացում։ Պատմությունը ցույց է տալիս, որ երբ տեխնոլոգիաները, շուկայի մասնակիցները և կարգավորող մարմինները միավորվում են, հաջորդում են հեղափոխական նորարարություններն ու աճը: Հուսով եմ, որ վաղվա բանկերը դա իրականություն կդարձնեն»,- ասել է Վահե Բադալյանը։

Ընկերությունն ամբողջական ռեբրենդինգ է իրականացրել և ներկայանալու է նոր կարգախոսով, նոր մոտեցմամբ։ Փոխվել է ընկերության տարբերանշանը, ֆիրմային գույները և գրաֆիկական տարրերը։ Ռեբրենդինգի արդյունքում բանկի ամբողջությամբ թարմացվող 29 մասնաճյուղերը կհամապատասխանեցվեն թվային բանկի օրակարգին և որոշ ժամանակ անց նորարարական լուծումների շնորհիվ կապահովեն հաճախորդների բարձրակարգ սպասարկումը։

Կարևոր փոփոխության մասին հայտարարելով՝ Ֆասթ Բանկի ղեկավար կազմը նշել է, որ ֆինանսական ոլորտում ունեցած 29 տարվա փորձը, գիտելիքները, ձեռք բերած հմտություններն ու հաճախորդների մեծ բազան պարտավորեցնող են, ու հենց այդ փորձի, տարիների ընթացքում ձեռք բերած վստահության արդյունքում՝ շուտով նոր ասելիքով կներկայանան հայաստանյան ֆինանսական շուկայում։

«Ընկերության նպատակն է Ֆասթը դարձնել ոչ միայն Հայաստանում լավագույն թվային բանկը, այլև փորձել ընդլայնվել՝ Fast բրենդը դարձնել համաշխարհային FinTech ընկերություն և հանրահայտ բրենդ։ Այդ նպատակի հիմքում դեռևս 8 տարի առաջ դրված էր «Ֆինկոնստրակտ» ընկերության հիմնումը՝ որպես բանկային և վարկային ծրագիր ստեղծող ընկերություն։ «Ֆասթ»-ը որպես վարկային կազմակերպություն է հանդես գալիս նաև Անգլիայում և Ուկրաինայում։

Շնորհանդեսի միջոցառման ժամանակ նշվեց նաև, որ անգլիական Ֆասթը դիմել է Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկ՝ EMI (Էլեկտրոնային փողերի ինստիտուտի) փոխանցումների և բանկային հաշիվների սպասարկման գործարքների իրականացման լիցենզիա ստանալու համար։

«Բանկի համաշխարհային էքսպանսիան այսքանով չի սահմանափակվելու։ Ընկերությունը շարունակելու է նվաճել նորանոր շուկաներ՝ հասնելով հաջողությունների»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ։

Դիտում՝ 8247
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW