Fitch Ratings-ը 2023 թվականի համար համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 1,7%-ից իջեցրել է մինչեւ 1,4%: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է միջազգային վարկանիշային գործակալության՝ համաշխարհային տնտեսության հեռանկարների վերաբերյալ զեկույցում (GEO)։«Համաշխարհային ՀՆԱ-ի կանխատեսումները 2023 թվականի համար կրկին վերանայվել են դեպի իջեցում, քանի որ կենտրոնական բանկերն ուժեղացնում են գնաճի դեմ պայքարը, իսկ Չինաստանի անշարժ գույքի շուկայի հեռանկարները վատանում են»,- նշված է զեկույցում:Fitch-ը նվազեցրել է 2023 թվականին ԱՄՆ-ի տնտեսության աճի կանխատեսումը 0,5%-ից մինչեւ 0,2%՝ պայմանավորված «դրամավարկային քաղաքականության խստացման տեմպերի աճով»:Չինաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2023 թվականին 4,5%-ից իջեցվել է մինչեւ 4,1%, քանի որ «անշարժ գույքի շինարարության վերականգնման հեռանկարները թուլանում են»: Միաժամանակ, 2022 թվականի համար Չինաստանի աճի կանխատեսումը մնում է 2,8% մակարդակում, «քանի որ COVID-19-ի դեպքերի աճը կարճաժամկետ հեռանկարում ճնշում է գործադրում ակտիվության վրա»։Եվրոգոտու 2023 թվականի աճի կանխատեսումը բարելավվել է՝ - 0,1%-ից մինչեւ 0,2%, քանի որ գազի եվրոպական ճգնաժամը փոքր-ինչ թուլացել է, սակայն ԵԿԲ-ի տոկոսադրույքի ավելի կտրուկ բարձրացումը ճնշում կգործադրի պահանջարկի վրա: Գործակալությունը գտնում է, որ այս ձմռանը Եվրոպայում բնական գազի դեֆիցիտի վտանգը նվազել է, քանի որ դրա ներմուծումը մեծանում է, իսկ գազի սպառումը նվազում։ «Սակայն ճգնաժամը հեռու է ավարտվելուց, եւ գազի մեծածախ բարձր գները շարունակում են ավելացնել ընկերությունների ծախսերը եւ ազդում տնային տնտեսությունների բյուջեների վրա»,- նշել են Fitch-ում:Գործակալության գնահատմամբ՝ 2023 թվականին ընդհանուր գնաճը զգալիորեն կնվազի՝ պայմանավորված պարենի եւ էներգակիրների գների կայունացմամբ: Tweet Դիտում՝ 4960