Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանը հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում։ Բանկի մամուլի ծառայությունը տրամադրել է հարցազրույցի հայերեն տարբերակը, որը ներկայացնում ենք է ստորեւ։ - Որո՞նք էին Ձեր բանկի ռազմավարական հիմնական ուղղությունները նախորդ տարվա ընթացքում: - Ամերիաբանկը Հայաստանում առաջատար ֆինանսական հաստատություն է արդեն գրեթե մեկ տասնամյակ: Թեեւ 2022 թվականին համաշխարհային տնտեսության համար սկսվեց անորոշության հերթական փուլը, մենք կարողացանք պահպանել եւ ավելի ամրապնդել մեր դիրքերը՝ վերահաստատելով կայուն, ժամանակակից, մրցունակ եւ աճի զգալի ներուժ ունեցող ֆինանսական հաստատության համբավը։ Վերջին վեց ամսվա ընթացքում հիմնական շեշտը դրվեց թվային փոխակերպման, համապատասխանության գործառույթի ապահովման եւ ռիսկերի կառավարման վրա, որոնք մենք համարում ենք մեր հետագա աճի հիմնական շարժիչ ուժը: - Անդրադառնալով Ձեր բանկի նախորդ տարվա ֆինանսական ցուցանիշներին` կարո՞ղ եք նշել կարեւորագույն կետերից մի քանիսը:- Ամերիաբանկը ֆինանսական ցուցանիշերի, ինչպես նաեւ նոր ծառայությունների ու տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ հատկանշական ձեռքբերումներ է ունեցել։ Նախորդ տարվա ընթացքում մենք շարունակաբար ներդրումներ կատարեցինք թվայնացման ուղղությամբ, բարելավեցինք մեր հաճախորդների բավարարվածության ցուցանիշերը, ներքին արդյունավետությունը, արդիականացրինք մեր ծառայությունները եւ պարզեցրինք մեր գործընթացները: Կարողացանք պահպանել Բանկի ծախսերի եւ եկամուտների հարաբերակցության 40%-ից ցածր ցուցանիշը: Բանկը գրանցեց շահութաբերության տպավորիչ ցուցանիշեր կապիտալի եւ իրացվելիության ամուր դիրքերով: Կապիտալի տարեկան եկամտաբերությունը կազմեց 28%, զուտ տոկոսային մարժան` 5.4%: Բացի այդ, բանկը գրանցեց ոչ տոկոսային եկամուտի տպավորիչ աճ: Համաձայն մեր ռազմավարության՝ մանրածախ եւ ՓՄՁ վարկերը կազմեցին ընդհանուր վարկերի ավելի քան 60%-ը: Մանրածախ պորտֆելի բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպը եռամյա կտրվածքով կազմեց 30%, իսկ ՓՄՁ վարկերինը` 17,2%: Բանկը պահպանեց եւ շարունակեց ռիսկերի կառավարման ոլորտում իր կայուն քաղաքականությունը: Խնդրահարույց վարկերի ցուցանիշը շարունակաբար բարելավվեց բոլոր ուղղություններով` 2022 թվականին կազմելով 2,9%: Նախորդ երկու տարվա ընթացքում պատշաճ պահուստավորման շնորհիվ վարկային ռիսկի արժեքը կազմեց շուրջ 0%: Միեւնույն ժամանակ, Ամերիաբանկն ապահովեց սպասարկման գերազանց որակ: Այդ մասին են վկայում հաճախորդների հավատարմության ցուցանիշը (NPS), որը կազմեց ավելի քան 75%, եւ հաճախորդների բավարարվածության ցուցանիշը` 9.5 միավոր 10 միավորից: - Ձեր ընկերության ո՞ր զարգացող ուղղություններում եք ներդրումներ կատարել եւ նախատեսո՞ւմ եք արդյոք շարունակել ներդրումները: - Որպես բանկ, որը կանգնած է եղել Հայաստանի բանկային ոլորտի կայացման եւ դրա փոխակերպման ակունքներում` Ամերիաբանկը շարունակում է ներդրումներ կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) եւ թվայնացման ոլորտում՝ հավատարիմ մնալով իր ռազմավարական առաջնահերթություններին: Հաշվի առնելով հաճախորդների աճի ցուցանիշերը` մենք նախատեսում ենք կենտրոնացնել մեր ուժերը ծառայությունների եւ առաջարկների խաչաձեւ վաճառքի, ինչպես նաեւ հաճախորդներին ավելի նորարար ծառայություններ առաջարկելու ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, մշակվում են մի շարք գործողություններ, որոնք ուղղված են տնտեսության առանձին հատվածներում նոր հնարավորությունների բացահայտմանը, հատկապես այնպիսի հնարավորությունների, որոնք կնպաստեն նաեւ բանկային գործարքների եւ ոչ տոկոսային եկամուտի աճին: Կարեւոր է նշել, որ բանկի բոլոր գործարքների 90%-ից ավելին իրականացվում է բանկի մասնաճյուղերից դուրս: Եվ վերջապես, մենք կշարունակենք ընդլայնել եւ զարգացնել մարդկային կապիտալը, ինչպես նաեւ բարելավել աշխատանքի արդյունավետությունն ու աշխատակիցների մոտիվացիան ակտիվ դասընթացների եւ վերապատրաստումների միջոցով: - Շրջակա միջավայրի, սոցիալական եւ կորպորատիվ կառավարման ասպեկտները եւ կայունությունը բանկային ոլորտի կարեւորագույն ռազմավարական ուղղություններից են: Ինչպիսի՞ էական նախաձեռնություններով է հանդես եկել Ձեր բանկը նախորդ տարվա ընթացքում, որոնք ցույց են տալիս, թե որքան կարեւոր են նշված ասպեկտները եւ կայունությունը Ձեր հաստատության համար: - Որպես Հայաստանի ֆինանսական համակարգի առաջատար` Աﬔրիաբանկը գիտակցում է առանցքային դեր ունենալու իր պատասխանատվությունը երկրի կայուն ապագա կառուցելու գործում: Մենք գիտակցում ենք, որ կլիմայի փոփոխությունը եւ բնապահպանական նմանատիպ ռիսկերն այսօրվա հասարակության գլխավոր մարտահրավերներից են: Դրանք ստեղծում են բնապահպանական, տնտեսական եւ սոցիալական էական ռիսկեր, որոնք խոչընդոտում են երկարաժամկետ աճն ու զարգացումը: Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործմանը եւ դրա շրջանակում ֆինանսավորում ենք վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, մաքուր էլեկտրաէներգիայի հասանելիության, «կանաչ» տրանսպորտի եւ տեխնոլոգիաների զարգացման ոլորտում կատարվող ներդրումները` այդպիսով տարբեր նախագծերի միջոցով աջակցելով նաեւ զարգացման ցածր մակարդակ ունեցող համայնքներին: 2009թ.-ից ի վեր Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցությամբ նման ծրագրերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար: Ամերիաբանկը Հայաստանում կանաչ պարտատոմսեր թողարկող առաջին բանկն է եւ այս ոլորտի առաջատարը: 2020 թվականից ի վեր մենք թողարկել ենք ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլարի կանաչ պարտատոմս։ - Բանկերի միջեւ թեժ մրցակցություն է նորարարական թվային բանկային ծառայությունների մշակման ու ներդրման ոլորտում: Ի՞նչ նոր եւ նշանակալի ներդրում է կատարել Ձեր բանկը թվային բանկային ծառայությունների ոլորտում նախորդ տարի եւ ի՞նչ հաջողություն է գրանցել:- Թվային ոլորտում սպառողների վարքագծի սրընթաց փոխակերպման ֆոնին մենք կարողացել ենք խոստումնալից արդյունքներ ապահովել մեր ծառայությունների դիվերսիֆիկացման եւ թվայնացման ուղղությամբ: Պատասխանատվություն, ճկունություն, նորարարական մտածելակերպ եւ մշակույթ, որի հիմքում հաճախորդների կարիքները բավարարելու ցանկությունն է. այս ամենը կազմում է թվային փոխակերպման հաջողության բանաձեւը: Այս համատեքստում, նախորդ երկու տարին ուշագրավ էր համապարփակ թվային էկոհամակարգի մշակման եւ գործարկման առումով: Շուկայում իր տեսակի մեջ առաջինը համարվող այս գործիքը բանկային եւ ոչ բանկային ծառայությունները միավորող մեկ համակարգ է, որն ընդգրկում է ավտոմեքենաների շուկան, հիփոթեքային շուկան, էլեկտրոնային առեւտուրը, ինչպես նաեւ եզակի էկոհամակարգ ՓՄՁ-ների համար՝ վարկային հայտերի առցանց ներկայացման եւ մեքենայական ուսուցման վրա հիմնված վարկունակության գնահատման առաջադեմ հնարավորություններով: - Համաշխարհային տնտեսության հեռանկարը բազմաթիվ մարտահրավերներ է պարունակում: Որո՞նք են այն հիմնական ռիսկերը եւ տնտեսական մարտահրավերները, որոնց Ձեր բանկը կարող է հանդիպել առաջիկա 12 ամսվա ընթացքում:- Հայաստանն այս տարի զգալի տնտեսական աճ է գրանցել, սակայն դեռեւս կան բազմաթիվ անորոշություններ, տեղի են ունենում փոփոխություններ, տնտեսության որոշակի ճյուղեր փոխակերպվում են, համաշխարհային մատակարարման շղթաներում տեղի են ունենում տեղաշարժեր, որոնք դեռ նոր պետք է իրենց ազդեցությունն ունենան երկրի տնտեսության վրա։ Թեեւ նշված անորոշությունները դժվարացնում են երկրի առաջատար ֆինանսական հաստատության կառավարումը, թվարկված մարտահրավերները նաեւ բազմաթիվ հնարավորություններ են ստեղծում: Տոկոսադրույքների ակնկալվող աճի, ռիսկի որոշակի պարամետրերի վատթարացման, կլիմայի փոփոխություններին առնչվող գործողությունների անհրաժեշտության աճի եւ մեր հաճախորդների շրջանում թվային գաջեթներից կախվածության աճի պայմաններում Ամերիաբանկը կշարունակի կենտրոնանալ տվյալահեն թվային փոխակերպման, ռիսկերի պատշաճ կառավարման եւ շրջակա միջավայրի, սոցիալական ու կորպորատիվ կառավարման ուղղությունների ընդլայնման վրա` հասնելու մեր առաքելության իրականացմանը, այն է՝ բարելավել մարդկանց կյանքի որակը: Tweet Դիտում՝ 18761