ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Իլոն Մասկի ընկերությունները ստուգելու հարցը՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների առնչությամբ։ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։Նրանց խոսքով՝ ԱՄՆ պաշտոնյաներին անհանգստացրել է Մասկի՝ վերջերս Ուկրաինայում Starlink արբանյակային ցանցը ֆինանսավորելուց հրաժարվելը եւ Twitter-ում արած գրառումները, որոնք կարող են վկայել «Ռուսաստանի նկատմամբ աճող լոյալ դիրքորոշման մասին»: Հոկտեմբերի սկզբին Մասկը հրապարակեց մի գրառում`առաջարկելով Ուկրաինայում զինադադարի իր ծրագիրը։ Թվիթը քննադատվել էր Ուկրաինայի կողմնակիցների կողմից եւ գովասանքի արժանացել Կրեմլում։Մի քանի օր անց գործարարը հայտարարել էր, որ իր SpaceX ընկերությունն այլեւս չի կարողանա ֆինանսավորել Starlink-ը Ուկրաինայում։ «Անմիտ է» ակնկալել, որ ընկերությունը հազարավոր տերմինալներ կուղարկի երկիր եւ կվճարի դրանց աշխատանքի համար, ասել էր Մասկը։ Ավելի ուշ նա հրաժարվել է իր խոսքերից եւ որոշել «շարունակել անվճար ֆինանսավորել Ուկրաինայի կառավարությանը»։Bloomberg-ի տվյալներով՝ ամերիկյան վարչակազմը մտահոգված է նաեւ Մասկի կողմից Twitter սոցիալական ցանցի գնման առաջիկա գործարքով, որին մասնակցում են մի խումբ օտարերկրյա ներդրողներ՝ Սաուդյան Արաբիայի արքայազն Ալվալիդ բեն Թալալը, Binance կրիպտոբորսան, որը հիմնադրվել եւ կառավարվում է չինացի Չանգպեն Չժաոյի կողմից, եւ Կատարի սուվերեն ֆոնդը:Գործակալության աղբյուրները հայտնել են, որ հնարավոր ստուգումների մասին քննարկումները վաղ փուլում են։ Նրանց խոսքով՝ ամերիկյան իշխանությունների եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները գնահատում են՝ ինչ գործիքներ կարող են թույլ տալ դաշնային կառավարությանը ստուգել Մասկի ընկերությունները։ Տարբերակներից մեկը, ըստ աղբյուրների, ԱՄՆ-ում Օտարերկրյա ներդրումների կոմիտեի (CFIUS) լիազորությունների օգտագործումն է, որը կարող է ստուգել Մասկի գործարքներն ու գործողությունները ազգային անվտանգության ռիսկերի առնչությամբ: Tweet Դիտում՝ 12053