Մեր հաշվարկներով՝ մարտի սկզբից ՌԴ գրեթե 30 հազար քաղաքացի երկարաժամկետ բնակության է տեղափոխվել Երեւան։ Նրանք ազդեցություն են ունենում քաղաքի վրա: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել օգնել այդ մարդկանց՝ հարմարավետ դարձնելու նրանց կյանքը։Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:«Մեր ռուսաստանցի ընկերներից ստացվող արձագանքները վկայում են, որ նրանց դուր է գալիս կյանքը Հայաստանում, նրանց ոչինչ չի անհանգստացնում: Սա նշանակում է, որ մենք կարողացել ենք կատարել մեր խնդիրը։ Տեղափոխվելով Հայաստան՝ այդ մարդիկ բացել են հաշիվներ, ստեղծել ավելի քան 1,2 հազար ընկերություն եւ ԱՁ»,- նշել է նախարարը։Նա տեղեկացրել է, որ Հայաստանում առանց գրանցման բնակության սահմանափակում կա՝ վեց ամսից ոչ ավելին, սակայն այժմ իշխանությունները աշխատում են այդ պահանջը մեղմելու ուղղությամբ։ «Մյուս հարցերում Հայաստանը business-friendly միջավայր է, ուստի մեր հարկային եւ այլ մարմինները ամեն կերպ փորձում են օգնել բիզնեսին»,- ասել է Վահան Քերոբյանը։Անդրադառնալով հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման հնարավորություններին՝ նա նշել է, որ նախորդ տարի արտահանման պայմանագրերի մոտ 40%-ը ձեւակերպվել է ռուսական ռուբլով։«Այն իրավիճակում, որում հիմա հայտնվել ենք, երբ դոլարով առեւտուրը գործնականում անհնար է, մենք Ռուսաստանի մեր գործընկերների՝ Ռուսաստանի արտահանման կենտրոնի, Արդյունաբերության եւ առեւտրի, Տնտեսական զարգացման նախարարությունների հետ միասին մշակում ենք սխեմա, որով առեւտուրը կիրականացվի ոչ միայն ռուբլով, այլեւ հայկական դրամով։ Արդեն անցած շաբաթ Մոսկվայի բորսայում սկսվել է նոր արժույթներով առքուվաճառքը, այդ թվում՝ հայկական դրամով։ Սա էլ ավելի կխրախուսի ազգային արժույթներով առեւտուրը: Եվ դա լավ է, քանի որ երրորդ արժույթների օգտագործումը միշտ առաջացնում է ծախսեր, որոնք, ի վերջո, արտացոլվում են ապրանքների գնի վրա: Իսկ հիմա գինը հատկապես կարեւոր է՝ հաշվի առնելով արագ ավելացող գնաճը։Ինչ վերաբերում է ռուսաստանյան ընկերությունների հետ աշխատելու հնարավորություններին, ապա Հայաստանի բանկային համակարգը լիովին համապատասխանում է պատժամիջոցների պահանջներին, բայց, միաժամանակ, մենք չենք մերժում ընկերություններին աշխատել Հայաստանում։ Մենք միշտ փորձում ենք գտնել լուծում, որը կբավարարի բոլորին, իհարկե, չստեղծելով պատժամիջոցների սպառնալիքներ: Որպես արդյունք, հայաստանյան բանկերում բացված է ՌԴ քաղաքացիների ավելի քան 70 հազար հաշիվ։Համագործակցությունը չի դադարում. մենք դա տեսնում ենք, եւ, իհարկե, ամեն ինչ անում ենք մեր կողմից, որպեսզի Հայաստանում բացված բոլոր նոր ընկերությունները հնարավորինս հեշտությամբ ինտեգրվեն մեր տնտեսական համակարգին»,- ասել է Վահան Քերոբյանը։ Tweet Դիտում՝ 29738