Երեւան /Մեդիամաքս/. Telcell համակարգում կատարած վճարումների թիվը 2008 թվականի երրորդ եռամսյակում աճել է## 30.5 տոկոսով:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ԹելՍելլ” ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Արամ Ազատյանն ասել է, որ վճարումների աճ է գրանցվել բոլոր օպերատորների պարագայում: Երրորդ եռամսյակի ընթացքում բջջային կապի օպերատորներին հասցեագրված գործարքների թիվն ավելացել է 31.2%-ով, իսկ կոմունալ վճարումների պարագայում այդ ցուցանիշն աճել է 44.8%-ով: “Այսօր շուկան մեզ առաջ շարժվելու լավ հնարավորություն է տալիս: Մենք մարդկանց հետաքրքրության աճ ենք տեսնում մեր վճարային համակարգի նկատմամբ, համապատասխանաբար, հետաքրքրությունն աճում է նաեւ շուկային ծառայություներ մատուցող ընկերությունների շրջանում, քանի որ ճյուղավորված վճարային ենթակառուցվածքի առկայությունը եւ վճարումների ընդունման արագությունը շատ կարեւոր գործոններ են դրանց դինամիկ զարգացման համար”,- նկատել է Արամ Ազատյանը: Telcell համակարգում գործարքների ծավալի աճը հիմնականում պայմանավորված է նոր գործընկերային համաձայնագրերի ստորագրմամբ եւ վճարային տերմինալների ցանցի զարգացմամբ: Եթե 2008 թվականի սկզբին վճարումների ընդունման կետերի թիվը 197 էր, ապա հունվարից մինչեւ սեպտեմբերը ներառյալ Telcell-ը դրանց թիվը հասցրել է 365-ի` ողջ Հայաստանում: Արամ Ազատյանը հատուկ նշել է Հայաստանի մարզերում ցանցի զարգացման բարձր տեմպերը: Երրորդ եռամսյակում Telcell համակարգը կատարել է նախատեսված ծրագիրը` մայրաքաղաքի սահմաններից դուրս վճարումների ընդունման կետերի թիվը հասցնելով 22-ի: Երեւանից ու Գյումրիից բացի, Telcell-ի վճարային տերմինալներ են տեղակայվել նաեւ Վանաձորում, Էջմիածնում, Արտաշատում, Սեւանում եւ Հրազդանում: Երրորդ եռամսյակում Telcell համակարգին են միացել “Յունիբանկ” ՓԲԸ-ն /վճարումների ընդունում բանկի մասնաճյուղերի հաշվիչ-դրամարկղային հանգույցների միջոցով/ եւ “Նորվիկ” ՈՒՎԿ ՓԲԸ-ն /սպառողական վարկերի մարում վճարային տերմինալների միջոցով/: “Մենք ծրագրում ենք հետագայում եւս զարգացնել մեր հարաբերությունները բանկային հատվածի ներկայացուցիչների հետ”,- հավելել է Արամ Ազատյանը: Tweet Դիտում՝ 6692