Պեսկովն ԱՄՆ դեսպանների գործողությունները համեմատել է ռեկետի հետ

13.06.2022 | 08:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դմիտրի Պեսկով #ԱՄՆ դեսպաններ #ռեկետ
Տարբեր երկրներում ԱՄՆ դեսպաններն այժմ գրեթե «մահվան դատավճռով» սպառնում են այն ընկերություններին, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում ռուսաստանյան տնտեսության նկատմամբ։

Ըստ էության, նման գործողությունները համեմատելի են ռեկետի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին ընդառաջ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Բոլոր երկրներում աշխատում են ամերիկացի դեսպաններ, որոնք, ինչպես մոլի ռեկետավորներ, որոնց մենք լավ ենք հիշում 1990-ականների սկզբի մեր պատմությունից, շրջում են այս ընկերություններով եւ սպառնում նրանց մահվան դատավճռով, եթե ինչ-որ մեկը հետաքրքրություն ցուցաբերի ռուսաստանյան տնտեսության նկատմամբ։ Բայց այս ամենը հնարավոր է լրացնել եւ վերականգնել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա հաստատել է, որ համեմատած նախորդ տարիների հետ, արեւմտյան երկրների ավելի քիչ ներկայացուցիչներ կժամանեն համաժողովին։ Սակայն, ըստ Պեսկովի, Ռուսաստանի համար «դա չի նշանակում, որ կլինի վերակողմնորոշում դեպի Արեւելք»։

«Աշխարհն ավելի բազմակողմանի է, շատ այլ ուղղություններ կան։ Այո, Արեւելքում կան ուժային նոր կենտրոններ՝ Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ եւ շատ ու շատ այլ երկրներ: Բայց կա նաեւ Լատինական Ամերիկա։ Կան տարբեր ընկերություններ, այդ թվում՝ եվրոպական երկրներից։ Այո, հիմա նրանց համար դժվար է, քանի որ ոլորում են նրանց ձեռքերը եւ անում են դա ոչ նրբագեղ ձեւով»,- ասել է Պեսկովը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ բացի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւից, ով ավելի վաղ հաստատել էր իր մասնակցությունը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, այս տարի Պետերբուրգ կժամանեն նաեւ այլ օտարերկրյա առաջնորդներ, սակայն կոնկրետ անուններ չի նշել։

«Այո, իսկապես, նախագահ Տոկաեւը հայտարարել է, որ մասնակցելու է, եւ մենք շատ շնորհակալ ենք մեր ղազախ ընկերներին, գործընկերներին եւ դաշնակիցներին այս մասնակցության համար»,- ասել է Պեսկովը։ «Սակայն, ինչ վերաբերում է մյուս մասնակիցներին, նրանք եւս կլինեն»,- ընդգծել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք օտարերկրյա այլ ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը։ Պեսկովը պարզաբանել է, որ խոսքը հենց կառավարությունների ու պետությունների ղեկավարների մակարդակով մասնակիցների մասին է։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մանրամասնել է, որ «նախագահը ծրագրել է շփումներ այդ օտարերկրյա առաջնորդների հետ»։ Պեսկովը նախապես չի հայտնել բարձրաստիճան հյուրերի ցանկը։ «Ամերիկացի դեսպաններին ավելի շատ աշխատանք չտալու համար ես հիմա նախապես ոչինչ չեմ հայտարարի»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն ամբողջ աշխարհում ձեռքերը ծալած նստած չեն եւ ճնշում են գործադրում այլ պետությունների ղեկավարների վրա։

Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն այս տարի կանցկացվի հունիսի 15-18-ը։


Դիտում՝ 4789
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW