Դիլիջանի նախկին կարի ֆաբրիկան եւ դրա հարակից տարածքը կվերածվի ժամանակակից եւ բազմաֆունկցիոնալ տարածքի, որը կծառայի որպես փոքր բիզնեսի եւ համայնքի բնակիչների գործունեության հարթակ։ Ծրագիրն ուղղված է նաեւ ստեղծարար արդյունաբերության զարգացմանը համայնքային եւ մարզային ազգաբնակչության ակտիվ ներգրավմամբ եւ մասնակցությամբ։ «Դիլիջանում եւ հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ս.թ. հունիսի 7-ին, Դիլիջանի համայնքապետարանում: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Դիլիջանի քաղաքապետ Դավիդ Սարգսյանը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ այլ գործընկեր կազմակերպություններից: Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող (€1 մլն) ծրագիրն իրականացվում է Դիլիջան համայնքի կողմից՝ IDeA բարեգործական հիմնադրամի (համաֆինանսավորող), Տուրիզմի եւ քաղաքաշինության հիմնադրամի եւ Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ գործընկերությամբ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ՝ «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» տարածաշրջանային նախաձեռնության շրջանակում:Վերակառուցման ենթակա է ավելի քան 5500 ք․մ․ տարածք (3500 ք․մ․ եւ կանաչ գոտի), որը հավակնում է դառնալ բազմաֆունկցիոնալ, ստեղծարար արդյունաբերության տարածք, որտեղ կլինեն արհեստագործական արտադրամասեր, հանգստի եւ կրթական տարածքներ՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիական եւ նորարարական լուծումներով: Կարի ֆաբրիկայի հարակից տարածքները կդառնան կանաչ եւ հանգստի գոտիներ: Լուսանկարը՝ IDeA բարեգործական հիմնադրամ Ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնադրել բիզնեսի աջակցման եւ ստեղծարար արդյունաբերության կենտրոններ, սպասարկման ոլորտի աջակցման ասոցիացիա, ինչպես նաեւ նպաստել համայնքում գործող զբաղվածության կենտրոնի ընդլայնմանը: Նախագծի նպատակն է աջակցել համայնքների ղեկավարներին եւ համայնքապետարաններին՝ դառնալու կայուն տնտեսական աճի եւ աշխատատեղերի ստեղծման ակտիվ օժանդակողներ՝ կայուն տնտեսական զարգացման նպատակով բարելավելով բիզնես միջավայրը, խթանելով ձեռներեցությունը եւ ներգրավելով ներդրումներ: Լուսանկարը՝ IDeA բարեգործական հիմնադրամ «Եվրոպական միությունը շարունակում է Հայաստանում աջակցել տեղական եւ մարզային իշխանություններին՝ հավատացած լինելով, որ տեղական դերակատարները կարեւորագույն դեր ունեն համայնքային մակարդակում զարգացում եւ տնտեսական աճ ապահովելու գործում։ Մենք լիահույս ենք, որ վերագործարկվող Կարի ֆաբրիկան՝ որպես եզակի բազմաֆունկցիոնալ տարածք կխթանի տնտեսական գործունեությունն ինչպես Դիլիջանում, այնպես էլ Տավուշի մարզի ողջ տարածքում՝ հնարավորություն ընձեռելով մարզային փոքր եւ միջին բիզնեսների ինկուբացիայի եւ ակսելեռացիայի համար, ինչպես նաեւ վերջիններիս հասու դարձնելով անհրաժեշտ խորհրդատվական եւ աջակցության ծառայություններ», - ընդգծել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վիկտորինը։ «Ծրագիրը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Դիլիջանի եւ հարակից համայնքների, այլեւ՝ ամբողջ տարածաշրջանի համար: Դիլիջանի համայնքապետարանը միշտ բաց է համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման համար: Կարի ֆաբրիկան կարեւոր տեղ է զբաղեցրել դիլիջանցիների կյանքում եւ մեր համար շատ նշանակալի է, որ այն նոր կյանք է ստանալու»,- իր հերթին ասել է Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը: Tweet Դիտում՝ 16763