Goldman Sachs բանկի վերլուծաբանները ակնկալում են, որ Brent նավթի գինը երրորդ եռամսյակում կշարունակի աճել եւ կհասնի $140-ի մեկ բարելի դիմաց, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։Բանկի կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 12 ամիսների ընթացքում Brent-ի մեկ բարելը կարժենա միջինում $135։ Brent նավթի գների կանխատեսումը 2022 թվականի երկրորդ կիսամյակի եւ 2023 թվականի առաջին վեց ամիսների համար $10-ով ավել է նախորդ գնահատականից։Վառելիքի նկատմամբ պահանջարկի վերականգնումը COVID-19 համավարակից հետո եւ էներգակիրների համաշխարհային մատակարարումների խափանումը բարձրացրել են նավթի գները։ Որոշ երկրներ ստիպված են եղել օգտագործել նավթամթերքների ռազմավարական պաշարները՝ սպառողների համար գները ցածր պահելու համար: Այնուամենայնիվ, հումքային ապրանքների գները շարունակում են աճել։ Նավթի գներն այս տարի աճել են ավելի քան մեկուկես անգամ։Goldman Sachs-ի վերլուծաբանների կարծիքով՝ հաջորդ տարի նավթի շուկայում հավասարակշռությունը վերականգնելու համար անհրաժեշտ է էներգակիրների նկատմամբ պահանջարկի հետագա կրճատում՝ համաշխարհային տնտեսության դանդաղեցման եւ OPEC-ի անդամ երկրների, ներառյալ՝ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի արդյունահանման աճի հետ մեկտեղ: Բացասական ազդակը, որն այժմ նկատվում է համաշխարհային տնտեսության աճի մեջ, բավարար չէ ընթացիկ գներով պաշարները վերահաշվեկշռման համար, կարծում են Goldman-ի վերլուծաբանները։Բանկի տվյալներով՝ նավթի համաշխարհային պաշարները 75 միլիոն բարելով ցածր են, քան նախկինում սպասվում էր։ Ռուսաստանում նավթի արդյունահանումը սպասվածից քիչ է նվազել, սակայն այն կշարունակի կրճատվել, զգուշացնում են փորձագետները։ Միաժամանակ, Չինաստանում էներգակիրների նկատմամբ պահանջարկի վերականգնումը, ամենայն հավանականությամբ, նավթի շուկան կվերադարձնի դեֆիցիտի: Երրորդ եռամսյակում նավթի համաշխարհային դեֆիցիտը կկազմի միջինում օրական 400 հազար բարել, կանխատեսում է Goldman Sachs-ը։Citigroup-ի վերլուծաբանները նույնպես վերանայել են նավթի գնի վերաբերյալ իրենց կանխատեսումները դեպի վեր: Նախօրեին նրանք Brent-ի կանխատեսումը բարձրացրել են մինչեւ $113 ընթացիկ եռամսյակում եւ $99 եւ $85՝ 2022 թվականի երրորդ եւ չորրորդ եռամսյակներում։ Բանկում նշել են, որ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների չեղարկման ձգձգումը եղել է մատակարարումների սպասվող դեֆիցիտի եւ գների աճի հիմնական պատճառը։Citigroup-ում սպասում են, որ գները կնվազեն ներկայիս մակարդակից՝ իրանական նավթի մատակարարումները շուկա վերադառնալու ակնկալիքների հիման վրա: Վերլուծաբանների կարծիքով՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կսկսվի 2023 թվականի առաջին եռամսյակում, ինչը կհանգեցնի նավթի մատակարարումների ավելացմանը՝ սկզբից օրական 0,5 միլիոն բարելով, իսկ հաջորդ տարվա երկրորդ կեսին՝ օրական 1,3 միլիոն բարելով։ Citi Research-ի գնահատմամբ՝ 2023 թվականին մեկ բարել նավթի միջին գինը կկազմի $75։Barclays-ի վերլուծաբանները եւս վերանայել են Brent նավթի գների իրենց կանխատեսումները 2022 եւ 2023 թվականների համար՝ վկայակոչելով Եվրամիության պատժամիջոցներից հետո Ռուսաստանից նավթի մատակարարման ավելի մասշտաբային եւ կայուն խափանումները: Brent տեսակի նավթի միջին գինը, ըստ Barclays-ի կանխատեսումների, այս եւ հաջորդ տարի կկազմի $111, մինչդեռ ամերիկյան West Texas Intermediate (WTI) նավթի գինը նույն ժամանակահատվածում կլինի $108 մեկ բարելի դիմաց։ Tweet Դիտում՝ 5946