Կառավարությունը զգոնությամբ է հետեւում զբոսաշրջության ոլորտում կատարվող իրադարձություններին եւ իրականացվող ծրագրերին՝ լավագույն փորձը կիրառելով իր ներքին քաղաքականություններում եւ ռազմավարություններում:Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը Երեւանում անցկացվող ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի բացմանը։ Նա փաստել է, որ ոլորտում Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը բարձր են գնահատվել անդամ երկրների կողմից, որի արդյունքում նախորդ տարի Աթենքում կայացած Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստի շրջանակում Հայաստանն ընտրվել է կազմակերպության գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար։ 31.05.2022 | 14:09 Եվրոպացի փորձագետները Երեւանում կքննարկեն զբոսաշրջության ներկա իրավիճակը Փոխվարչապետի խոսքով՝ 2020 թվականին ողջ աշխարհին մարտահրավեր նետած կորոնավիրուսային համավարակը ոչ միայն առողջապահական խորը ճգնաժամ էր, այլեւ ծանր մարտահրավեր համաշխարհային տնտեսության համար։ «Զբոսաշրջության ոլորտը, որպես տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը, եւս անմասն չմնաց այս արհավիրքից։ Համավարակի արդյունքում, Հայաստանում նույնպես զբոսաշրջությունն առավել տուժած ոլորտներից է։ Սակայն, նաեւ շնորհիվ ոլորտում վարվող պետական ճկուն քաղաքականության, երկրում զբոսաշրջության ոլորտը վերականգնման ճանապարհին է»,- ընդգծել է փոխվարչապետը եւ հավելել, որ միայն համատեղ ուժերով հնարավոր կլինի վերադառնալ կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացմանը։ «Մենք պետք է դասեր քաղենք եւ վերափոխենք ոլորտը՝ հետագա անցանկալի ճգնաժամերին ավելի լավ պատրաստ լինելու համար։ Այսօր բոլորիս պարտքն է համախմբել մեր ջանքերը, օգտագործել մեզ տրված բոլոր լծակներն ու գործիքները՝ առողջացնելու ոլորտը եւ խթանելու զբոսաշրջության դերը կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում»,- ասել է Համբարձում Մաթեւոսյանը եւ վերահաստատել Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ արդյունավետորեն համագործակցելու ՄԱԿ-ի ԶՀԿ անդամ բոլոր երկրների եւ շահագրգիռ կողմերի հետ՝ կյանքի կոչելու համատեղ նպատակներն՝ ուղղված կայուն զարգացման 2030 օրակարգի կենսագործմանը։ Միջոցառմանը մասնակցել են Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հունաստանի տուրիզմի փոխնախարար Սոֆիա Զաչարակին եւ այլք։ Tweet Դիտում՝ 3083