Տնտեսագետները կիսվել են ռուբլու փոխարժեքի մասին իրենց կանխատեսումներով

12.04.2022 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրիգորի Բաժենով #Արտյոմ Տուզով #ռուբլու փոխարժեք
Ուժեղ ռուբլին շահավետ չէ Ռուսաստանի կառավարության եւ բյուջեի համար, Lenta.ru-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Գրիգորի Բաժենովը։ Նա ենթադրել է, որ Ռուսաստանի ԿԲ-ն կփորձի փոխարժեքը պահել մեկ դոլարի դիմաց 70-80 ռուբլու միջակայքում, ինչն ընդունելի է եւ օպտիմալ՝ գնաճային ռիսկերը կասեցնելու եւ տնտեսական ակտիվությանն աջակցելու տեսանկյունից։

«Հարցն այն է, որ այսօր ուժեղ ռուբլին նույնպես որոշակի խնդիր է առաջացնում կառավարության եւ բյուջեի համար։ Ակնհայտ է, որ տարեվերջին լինելու է բյուջեի եկամուտների նվազում՝ պայմանավորված տնտեսության աճի դանդաղ տեմպով եւ տնտեսական ակտիվության նվազմամբ, այն պետք է փոխհատուցվի արտարժույթի վաճառքի միջոցով։ Սա նշանակում է, որ ուժեղ ռուբլին հարվածելու է բյուջեի եկամուտներին»,- ասել է Բաժենովը։

Տնտեսագետը պարզաբանել է, որ ի սկզբանե ԿԲ-ի սահմանափակումների նպատակը ոչ թե ռուբլու ամրապնդումն էր, այլ կանգնեցնելն էր դրա լուրջ թուլացումը եւ, համապատասխանաբար, բնակչության գնաճային սպասումների աճը։ Այժմ Ռուսաստանի Բանկը տեսնում է, որ խուճապի ալիքն արդեն մարել է, ինչը հնարավորություն է տալիս թուլացնել մոնետար խիստ քաղաքականությունը եւ շուկայի վերահսկողությունը՝ տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով։

«Բայց, իհարկե, այժմ կարգավորիչն այլ ռիսկեր է տեսնում։ Սա առաջին հերթին ներդրումային եւ տնտեսական ակտիվության ընդհանուր անկումն է։ Ամենաաժիոտաժային պահերն արդեն անցել են, ուստի հիմա Կենտրոնական բանկի խնդիրն է ինչ-որ կերպ կարգավորել շուկան տնտեսական ակտիվությունը վերականգնելու համար, ինչի պատճառով էլ թուլացնում է սանձերը։ Բայց պետք է հասկանալ, որ այդ սանձերը միշտ էլ կարելի է ձգել, ինչն էլ ԿԲ-ն կանի, եթե տեսնի, որ իրավիճակը նորից սկսում է վատանալ»,- նշել է տնտեսագետը։

Բաժենովի գնահատմամբ՝ մեկ դոլարի դիմաց 70-80 ռուբլի փոխարժեքը օպտիմալ կլինի, եւ ԿԲ-ն կփորձի մնալ այս միջանցքում։

«Սա ընդունելի է թե՛ գնաճային սպասումները զսպելու, թե՛ գնաճային ռիսկերը կասեցնելու տեսանկյունից։  Հասկանալի է, որ շուկայական փոխարժեքը որոշ չափով ավելի թանկ է, քան այն, ինչ նկատվում է բորսայում։ Ռուբլին ինքնին շատ ավելի է թուլացել»,- եզրափակել է փորձագետը։

Ավելի վաղ Կենտրոնական բանկը մեղմացրել էր արժութային վերահսկողության որոշ միջոցներ։ Ի թիվս այլի, չեղարկվում է արտարժույթի գնման 12% միջնորդավճարը, իսկ ապրիլի 18-ից ԿԲ-ն կվերադարձնի բանկերում արտարժույթ գնելու հնարավորությունը։



Իր հերթին, «Ունիվեր Կապիտալ» ներդրումային ընկերության կապիտալի շուկայի դեպարտամենտի գործադիր տնօրեն Արտյոմ Տուզովը Prime գործակալությանն ասել է, որ արտարժույթների նկատմամբ ռուբլու փոխարժեքն առաջին հերթին առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռությունն է։

Նրա խոսքով՝ մինչեւ 2022 թվականն արտահանողներին չէին ստիպում վաճառել արժութային եկամուտը, իսկ նավթի արտահանման հարկերից բյուջեի գերեկամուտները գնում էին ՌԴ Ազգային բարեկեցության հիմնադրամ: Արդյունքում դոլարի պահանջարկն ավելի մեծ է եղել, քան առաջարկը, եւ միայն ֆինանսների նախարարությունն է արդյունավետորեն աջակցել ռուբլու փոխարժեքին՝ պահելով այն բյուջեին ձեռնտու ցուցանիշների վրա:

«Այժմ իրավիճակը փոխվել է, արտահանողները բորսայում վաճառում են արժութային եկամուտների 80%-ը՝ ստեղծելով դոլարի ավելցուկային առաջարկ, իսկ ֆինանսների նախարարությունը, ընդհակառակը, ոսկեարժութային պահուստների արգելափակման պատճառով չի կարող արդյունավետ կերպով աջակցել ռուբլուն:

Բայց հաշվի առնելով դոլարով եւ եվրոյով առեւտրում եղած դժվարությունները, ինչպես նաեւ մի շարք օտարերկրացիների հեռանալը ռուսաստանյան շուկայից եւ արտարժույթի գնման համար 12% միջնորդավճարը, առաջարկը գերազանցում է պահանջարկին եւ դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ նվազում է:

Այս իրավիճակում կարելի է ասել, որ ռուբլու նկատմամբ դոլարի իրական փոխարժեքը կկազմի 74 ռուբլի մեկ դոլարի դիմաց։ Այսինքն՝ այս տարվա սկզբի փոխարժեքը, այն ձեռնտու է ֆինանսների նախարարությանը, քանի որ պատկերացում է ստեղծում ապագա հարկերի հավաքագրման եւ արտահանողների եկամուտների մասին։ Այս ցուցանիշի վրա ֆինանսների նախարարությունը կկարողանա պահպանել դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ»,- նշել է  Արտյոմ Տուզովը։
Դիտում՝ 27819
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW