Մասկը գտնում է, որ իր խոսքի ազատությունը սահմանափակվում է

18.02.2022 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իլոն Մասկ #Tesla #SEC
Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը բողոքել է ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի (SEC) կողմից իր եւ իր ընկերության նկատմամբ «անվերջ» եւ «մշտական» հետաքննություններից:

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Verge-ը՝ վկայակոչելով միլիարդատիրոջ փաստաբանների կողմից Մանհեթենի դաշնային դատարան ուղարկված նամակը։

Դիմումում փաստաբանները ենթադրել են, որ SEC-ը «հետապնդում է» Մասկին, քանի որ գործարարը «մնում է կառավարության բացահայտ քննադատը»: «SEC-ի չափից ավել ջանքերը, ըստ երեւույթին, ուղղված են սահմանափակելու Մասկի՝ առաջին լրամշակման մեջ ամրագրված իրավունքների իրացումը»,- ասվում է նամակում: ԱՄՆ Սահմանադրության առաջին լրամշակումը երաշխավորում է խոսքի ազատությունը։

Փաստաբանները նաեւ ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ SEC-ը «չի կատարել Tesla-ի բաժնետերերին $40 միլիոն վճարելու իր խոստումը»: Այս գումարը հանձնաժողովը ստացել էր Մասկից եւ ընկերությունից՝ դատական վեճի կարգավորման շրջանակում։ Նամակն ուղղված է դատավոր Էլիսոն Նաթանին, որը նախագահում էր Մասկի նկատմամբ SEC-ի հայցի լսումները։



2018 թվականին SEC-ը դատի էր տվել միլիարդատիրոջը թվիթի պատճառով: Մասկը գրել էր, որ ցանկանում է Tesla-ն դարձնել մասնավոր ընկերություն՝ գնելով ներդրողներից բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրի դիմաց վճարելով $420։ SEC-ը համարել էր, որ այս գրառմամբ գործարարը մոլորեցրել է Tesla-ի ներդրողներին։ Միլիարդատերը պայմանավորվել էր հանձնաժողովի հետ՝ համաձայնվելով թողնել ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը եւ վճարել $40 միլիոն տուգանք, որը կիսել էր Tesla-ի հետ։

«Մասկն ու Tesla-ն հույս ունեին, որ SEC-ի հետ համաձայնագրի կնքումը վերջապես վերջ կդնի կարգավորիչի կողմից հետապնդումներին, սակայն դա տեղի չունեցավ», նշել են միլիարդատիրոջ փաստաբանները։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ ամերիկյան կարգավորիչն արդեն երկու անգամ զգուշացրել է Tesla-ին, որ Մասկի կողմից Twitter-ի օգտագործումը խախտում է համաձայնագրի պայմանները, ըստ որի՝ մինչ հրապարակումը նա պետք է համաձայնեցնի գրառումները։ Փետրվարի սկզբին SEC-ը Tesla-ին ուղարկեց դատարան ներկայանալու եւս մեկ ծանուցում, որը նույնպես կապված էր Մասկի թվիթերի հետ, գրում է Reuters-ը։

Մասկը բազմիցս է Twitter-ում քննադատել է SEC-ին։ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի հրապարակման մեջ գործարարը վերծանել էր գերատեսչության հապավումը որպես Shortseller Enrichment Commission (Short-seller-ների հարստացման հանձնաժողով)՝ նկատի ունենալով, որ կարգավորիչի գործողությունները ձեռնտու են ներդրողներին, ովքեր խաղադրույք են կատարում Tesla-ի բաժնետոմսերի անկման վրա:
Դիտում՝ 2829
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai