Saxo Bank-ը կանխատեսում է «կանաչ» գնաճի տեմպերի արագացում

25.01.2022 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Saxo Bank #գազ #նավթ
2022 թվականին էներգետիկ շուկաներում գների աճը կշարունակվի՝ պայմանավորված ESG (environmental, social, governance, «բնապահպանություն, սոցիալական քաղաքականություն եւ կառավարում») օրակարգի ուժեղացմամբ, ասված է Saxo Bank-ի 2022 թվականի համար կանխատեսման մեջ, որը ներկայացրել է ՏԱՍՍ գործակալությունը։

Դեկարբոնիզացիայի միտումը՝ էներգիայի պահանջարկի աճի հետ մեկտեղ, միայն կարագացնի «կանաչ» գնաճի տեմպերը, ինչն արդեն այս տարվա երկրորդ կիսամյակում կհանգեցնի նավթի գների հետագա աճին՝ մեկ բարելի դիմաց $100-ից էլ բարձր մակարդակում, նշվում է կանխատեսման մեջ։

Համավարակից հետո՝ 2021 թվականին, համաշխարհային տնտեսության վերականգնումը հանգեցրեց նավթի եւ գազի ռեկորդային գների։ «Կայուն գներով առատ առաջարկի տարիները բերեցին նոր արտադրության մեջ ներդրումների կրճատմանը, եւ երբ բռնկվեց հետհամավարակային աճի ալիքը, առաջարկը չէր հասցնում դրան»,- պարզաբանել է Saxo Bank-ի հումքային շուկաների ռազմավարության բաժնի ղեկավար Օլե Հանսենը:

«Կանաչ» գնաճի համար հիմքերն այս տարի կշարունակվեն, զգուշացնում է նա։ ««Կանաչ» անցման գործընթացին աջակցելու համար անհրաժեշտ աճող պահանջարկը եւ հումքային ապրանքների գները կբավարարվեն ոչ ճկուն առաջարկով, որը մասամբ պայմանավորված է այնպիսի սկզբունքներով, ինչպիսիք են ESG-ն, որով արգելում են որոշ ներդրողներին եւ բանկերին աջակցել հանքարդյունաբերությանը եւ հորատման հետ կապված նախագծերին», - կարծում է վերլուծաբանը:

«2022 թվականի հեռանկարները վկայում են լարվածության պահպանման եւ, որպես հետեւանք, գների բարձրացման մասին»,- գրում է Հանսենը: Նա զգուշացնում է, որ գազի եվրոպական շուկայում կանխատեսվող գների կառուցվածքը կառաջացնի շարունակական խնդիրներ, որոնք կազդեն սպառողների եւ արդյունաբերական ձեռնարկությունների վրա ամբողջ աշխարհում: Եվ սա այն դեպքում, երբ Եվրոպայում հոսանքազրկման վտանգը քիչ թե շատ կանխվեց այս ձմռանը մեղմ եղանակի եւ գազի մեծ պաշարների շնորհիվ:



Միաժամանակ, նավթի շուկայում իրավիճակը կլինի ավելի կոշտ, քան 2021 թվականին էր, կարծում է Հանսենը։ Դրա պատճառն այն է, որ ոչ բոլոր նավթարդյունահանողները հնարավորություն ունեն ավելացնել նավթի արդյունահանումը, այդ թվում՝ OPEC+ համաձայնագրի երկրներից։ «Հավանաբար, նավթի շուկան ստիպված կլինի բախվել թերներդրումների տարիների հետ, երբ խոշոր նավթային ընկերությունները կկորցնեն հետաքրքրությունը մեծ նախագծերի նկատմամբ՝ մասամբ պահանջարկի երկարաժամկետ անորոշ հեռանկարների, ինչպես նաեւ վարկային սահմանափակումների պատճառով, որոնք կիրառվում են բանկերի եւ ներդրողների նկատմամբ «կանաչ» փոխակերպման եւ ESG-ի նկատմամբ մեծ ուշադրության արդյունքում։

Չնայած կանխատեսումներին, որ 2022 թվականի առաջին ամիսները կարող են նավթի շուկայում ցուցադրել առաջարկի ավելցուկ, Հանսենը ուշադրություն է հրավիրում աշխարհում արդյունահանման հզորությունների սպառման վրա։ «Մենք տեսնում ենք, որ Brent տեսակի նավթի գինը, ամենայն հավանականությամբ, կհասնի $90-ի եւ կարող է բարձրանալ $100-ից ավել այս տարվա երկրորդ կիսամյակում»,- ասել է նա:
Դիտում՝ 3109
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW