Հունվարի 15-18-ը ԱՆԻՖ-ը` տնօրեն Դավիթ Փափազյանի գլխավորությամբ, մասնակցել է «Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) գագաթնաժողովին։ Կայունության, կլիմայի փոփոխության եւ վերականգնվող էներգետիկայի խնդիրների վերաբերյալ աշխարհի խոշորագույն գագաթնաժողովներից մեկը հյուրընկալվում է ԱՆԻՖ-ի գործընկեր Աբու Դաբիի Մասդար ընկերության կողմից, որի հետ ԱՆԻՖ-ն իրականացնում է «Այգ-1» արեւային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագիրը։ Գագաթնաժողովի շրջանակներում ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը մասնակցել է Մասդար ընկերության մայր կազմակերպության` Աբու Դաբիի Մուբադալա պետական ներդրումային ֆոնդի, գլխավոր տնօրեն Խալդուն Խալիֆա Ալ Մուբարակի եւ Մասդար ընկերության գլխավոր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահիի հետ նախագահ Արմեն Սարգսյանի պատվիրակության հանդիպմանը։ Քննարկվել են վերականգնվող էներգետիկայի բնագավառում Հայաստանում Մասդարի կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսական օրակարգում կայունության խնդիրների աճող դերը։Աբու Դաբիի ամենամյա գագաթնաժողովին մասնակցում է ավելի քան 35 հազար պատվիրակ` ավելի քան 130 երկրից։ Մասնակիցների շարքում են մի քանի երկրների նախագահներ եւ վարչապետեր, առաջատար միջազգային ընկերությունների ղեկավարներ։ Կլիմայի փոփոխության եւ կայուն զարգացման խնդիրներն այսօր առանցքային են դառնում նաեւ ֆինանսական աշխարհում։ Ֆինանսական հաստատություններն ու ներդրումային ֆոնդերը մշակում են կայունության չափանիշներ` կարեւորելով կայուն զարգացման տեսանկյունից դրական ազդեցություն ունեցող ներդրումային քաղաքականությունը։ «ԱՆԻՖ-ը կարեւորում է իր կողմից իրականացվող ծրագրերի կայունության ասպեկտը, եւ Մասդարի հետ համատեղ ծրագրերը վերականգնվող էներգետիկայի ոլորտում այդ ուղղությամբ մեր ստանձնած պարտավորություններին համահունչ են։ Կարեւոր է կայունության տեսանկյունից առավել բարդ ոլորտներում չափանիշների սահմանումը եւ դրանց հետեւողական իմպլեմենտացիան։ ԱՆԻՖ-ի պորտֆելում այսօր արդեն կան եւ ապագայում նույնպես կլինեն կայունության տեսանկյունից մարտահրավերներ պարունակող ծրագրեր։ Պատասխանատու ֆինանսավորողները եւ բանկերը ստանձնում են մասնակցության միջոցով բարդ ոլորտների կառավարման պատասխանատվությունը` հիմնվելով այն համոզման վրա, որ կայունության չափանիշների շարունակական բարելավումը հնարավոր է բոլոր ոլորտներում եւ բխում է թե’ պետության, թե’ ներդրողի շահերից»,- ասել է ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը` կարեւորելով Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերների դերը Հայաստանում կայունության մշակույթի հետագա ներդրման եւ կարողությունների զարգացման հարցում։ Tweet Դիտում՝ 6429