Քննարկվել է առողջության ապահովագրության հայեցակարգի նախագիծը

10.01.2022 | 18:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #առողջություն #ապահովագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության առաջնահերթ նպատակը պետք է լինի հիվանդությունների կանխարգելումը»:

Խորհրդակցությանը, որի ժամանակ քննարկվել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը, Հայաստանի վարչապետը նաեւ նշել է, որ անհրաժեշտ է այնպիսի մոդելի ներդրում, որը կերաշխավորի ծախսարդյունավետ եւ որակյալ առողջապահական համակարգի գործունեությունը:

Առողջապահության նախարար (ԱՆ) Անահիտ Ավանեսյանը եւ ԱՆ տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել են Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը եւ նշել, որ հայեցակարգի մշակման գործընթացում ուսումնասիրվել են մի քանի մոդելներ, եւ հիմքում դրվել է պետական առողջապահական համակարգի գաղափարը: Բարեփոխման նպատակը պետության սոցիալական պատասխանատվության եւ բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է եւ բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են համակարգի ներդրման ֆինանսական գնահատականի, հիմնական ծառայությունների փաթեթի կազմման, ապահովագրվող բնակչության խմբերի սահմանման, անհրաժեշտ ծախսերի հաշվարկման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նշվել է, որ նախագիծը քննարկման փուլում է շահագրգիռ գերատեսչությունների հետ, հաստատումից հետո նախատեսվում է նաեւ համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում:

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ֆինանսավորման մեխանիզմներին եւ աղբյուրներին, բնակչության խմբերի որոշմանը, ապահովագրավճարի չափին եւ հավաքագրմանը, ծառայությունների որակի չափանիշներին, ապահովագրվածների առողջապահական ծախսերի համար անհրաժեշտ գումարների հաշվարկմանը եւ ծախսարդյունավետությանը, սոցիալական արդարության եւ սոցիալական համերաշխության ապահովմանը, ներդրման ռիսկերին վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խորհրդակցության արդյունքներով լրամշակել հայեցակարգի նախագիծը եւ ներկայացնել ամփոփիչ քննարկման:
Դիտում՝ 1861
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW