Ղազախստանում բողոքի շարժման ֆոնին չորս տեղացի միլիարդատերեր միագումար կորցրել են $3 միլիարդ, գրում է RBC-ն` վկայակոչելով ամերիկյան Forbes-ը։Մասնավորապես, ըստ Forbes-ի հաշվարկների, Kaspi Bank-ի տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Կիմի կարողությունը նվազել է $1,4 միլիարդով՝ մինչեւ $4,2 միլիարդ, այն բանից հետո, երբ Kaspi Bank-ի բաժնետոմսերն ընդամենը երկու օրում արժեզրկվեցին 30%-ով՝ $188-ից (հունվարի 4-ին) մինչեւ $87 (հունվարի 6-ին): Իսկ Kaspi Bank-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Լոմթաձեի կապիտալը $5,2 միլիարդից նվազել է մինչեւ $3,8 մլրդ։Նազարբաեւի դուստրը՝ Դինարա Կուլիբաեւան, եւ նրա ամուսինը՝ Թիմուր Կուլիբաեւը, ընդհանուր առմամբ աղքատացել են $200 միլիոնով։ Ամուսինները վերահսկում են Ժողովրդական բանկը (Հալիկ-բանկ), որի բաժնետոմսերը հունվարի 4-6-ը ընկել են 16%-ով։ Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը, ըստ Forbes-ի, կազմում է $3,1 միլիարդ։***2000-ականներին Kaspi-ն միջակ առեւտրային բանկ էր, սակայն վերջին տասնամյակի ընթացքում վերածվել է տեխնոլոգիական հսկայի՝ իր առեւտրային հարթակով, վճարային համակարգով, ամրագրման հնարավորությամբ, պետական ծառայություններով եւ վարկավորմամբ:Արդեն 2020 թվականին Kaspi-ն դարձավ բազմաֆունկցիոնալ սուպերհավելված եւ մուտք գործեց Լոնդոնի ֆոնդային բորսա։ Բանկի բաժնետոմսերի տեղաբաշխումը տեխնոլոգիական ընկերությունների շարքում իր ծավալով դարձավ երրորդը Եվրոպայում, իսկ 2021 թվականին ընկերությունը գնահատվեց $21 միլիարդ։Kaspi-ի սուպերհավելվածը կարելի է դիտարկել որպես վճարային համակարգի, մարկետփլեյսի եւ ֆինտեխի մեկտեղում: Դրա բոլոր մասերը փոխկապակցված են եւ միաժամանակ ինքնուրույն։«Մենք բանկ չենք, բանկերի համար ավելի կարեւոր է back office-ի աշխատանքը։ Իսկ մենք մտածում ենք այն մասին, թե ինչպես է հաճախորդը փոխգործակցում մեր պրոդուկտների հետ: Տրամադրո՞ւմ ենք արդյոք մենք ֆինանսական ծառայություններ: Այո՛։ Տրամադրո՞ւմ ենք արդյոք մենք վճարային լուծումներ: Այո՛։ Զբաղվո՞ւմ ենք արդյոք մենք մարքեթինգով եւ առցանց առեւտրով: Այո՛։ Սակայն առաջին հերթին մենք զարգացնում ենք տեխնոլոգիաները եւ բարելավում հաճախորդային փորձը»,- նշել էր Միխայիլ Լոմթաձեն:Kaspi Bank-ի ձեւավորման եւ զարգացման մանրամասն պատմությունը ներկայացված է VC.ru-ի նյութում: Tweet Դիտում՝ 5642