«ՏաԹեւերը» հաղթել է World Travel Awards-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

16.12.2021 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ՏաԹեւեր» World Travel Awards
«ՏաԹեւեր» ճոպանուղին ճանաչվել է հաղթող «World Travel Awards»-ի 28-րդ մրցանակաբաշխության «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում, իսկ Հայաստանը՝ «Աշխարհի առաջատար ժառանգության նպատակակետ» անվանակարգում։

Հաշվի առնելով համաշխարհային զբոսաշրջության աստիճանական վերականգնումը Քովիդ-19 համավարակի բռնկումից ի վեր, այս տարի զբոսաշրջության գլխավոր մրցանակին արժանանալը առավել քան երբեւէ կարեւոր է ու արժեքավոր Հայաստանի  համար։

«ՏաԹեւերը» լինելով աշխարհի ամենաերկար (5752 մ) հետադարձելի ճոպանուղին եւ 11 տարվա ընթացքում սպասարկելով ավելի քան 1 միլիոն այցելու, այս համաշխարհային մակարդակի մրցանակի շնորհիվ կարող է գրանցել նորանոր ձեռքբերումներ, ինչպես նաեւ միջազգային զբոսաշրջային շուկայում հաջողությամբ շարունակել Հայաստանի ու Տաթեւի վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքները։

«Այս ձեռքբերումը եւս մեկ անգամ ապացուցեց այն փաստը, որ Տաթեւի վանական համալիրը եւ «ՏաԹեւեր» ճոպանուղին Հայաստանի ու տարածաշրջանի համար հանդիսանում են առաջնակարգ եւ նշանակալի զբոսաշրջային ուղղություն, իսկ «ՏաԹեւեր» ճոպանուղին համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին»,- ասել է «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը։

Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխությունը (World Travel Awards), որը հիմնադրվել է 1993 թ․-ին, միտված է ճամփորդության, զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտների ճանաչմանը, պարգեւատրմանն ու տոնակատարությանը։

«Նման համաշխարհային կարեւորության մրցանակաբաշխությանը Հայաստանի մասնակցությունը եւ հաղթանակը, այն էլ երկու անվանակարգերում, առավել ճանաչելի են դարձնում երկիրը միջազգային շուկաներում։ Հարկավոր է օգտագործել նման հնարավորությունները, եւ շարունակական մարքեթինգային արշավների միջոցով ամրապնդել Հայաստանի դիրքավորումը՝ որպես համաշխարհային ժառանգության առաջատար  վայր  եւ առաջատար ճոպանուղի ունեցող երկիր»,- նշել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի փորձագետ Գայանե Այվազյանը։

Համագործակցությունը «World Travel Awards»-ի հետ մեկնարկել էր «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը ս․թ․ հունիսին, որի շրջանակում կնքվել էր համագործակցության պայմանագիր Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, տուրիստական ենթակառուցվածքների եւ ոլորտի մասնագետների կարողությունները զարգացնելու նպատակով։

Այս համագործակցության շրջանակում TUF հիմնադրամը կազմակերպել էր նաեւ
«World Travel Awards»-ի հիմնադիր եւ տնօրեն Գրեմ Քուքի այցը դեպի Հայաստան, որի ընթացքում նա շրջել էր Հայաստանի ամենադիտարժան եւ զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերում, ծանոթացել հայկական մշակույթին, պատմությանը, ավանդույթներին եւ ազգային խոհանոցին։
Դիտում՝ 8044
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai