Դեկտեմբերի 6-8-ը հայկական 8 ընկերություն մեկ միասնական տաղավարով մասնակցել են Դուբայում անցկացվող Մերձավոր Արեւելքի օրգանական եւ բնական արտադրանքի «MENOPE» ամենամյա ցուցահանդեսին:ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ ցուցահանդեսը տարածաշրջանի միակ բիզնես միջոցառումն է, որը կենտրոնանում է բնական արտադրանքի վրա:Հայաստանի միասնական տաղավարով մասնակցությունը կազմակերպվել է Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։Այս տարի Հայաստանը ներկայացրել է EU-GAIA ծրագրի շահառուների կողմից կայուն եւ օրգանական մեթոդներով արտադրված գյուղմթերքը, այդ թվում՝- օրգանական եւ բնական մեղր,- բնական մրգերի եւ բանջարեղենի պահածոներ,- խոտաբույսեր/բուսական թեյեր,- կայուն մեթոդներով մշակված լոբազգիներ` հումուս եւ թահինի,- հացահատիկի սերմերի մշակում եւ կանաչ արտադրություն,- օրգանական պարարտանյութեր եւ բրիկետներ։Հայաստանի տաղավարում այցելուները համտեսել են ոչ միայն ԵՄ, NOP եւ USDA հավաստագրված «օրգանական» մթերքներ, այլ նաեւ «կանաչ» եւ «կայուն» ապրանքների լայն ընտրանի: Սա նշանակում է, որ սննդամթերքն արտադրվել է նախ եւ առաջ շրջակա միջավայրը պահպանելու պարտավորությամբ՝ հիմնվելով ԵՄ-ին համապատասխան գյուղատնտեսական չափանիշների եւ կանոնակարգերի վրա:Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի փոխանցմամբ՝ ԵՄ-ն օգնում է Հայաստանի տարբեր մարզերի ֆերմերներին բարելավել իրենց արտադրությունը թե՛ քանակական, թե՛ որակական առումով, եւ գտնել ապրանքների շուկաներ, ինչպես նաեւ խթանել արտահանումը։ Նրա դիտարկմամբ, Հայաստանն առանձնահատուկ ուժեղ կողմեր ունի առողջ, բնական եւ կոնկրետ շուկաներին միտված ապրանքների արտադրության համար: Ըստ Անդրեա Վիկտորինի, առավելություն է, որ հայկական ընկերություններն ունեն օրգանական սերտիֆիկացում Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնության աջակցությամբ։ Tweet Դիտում՝ 2126