Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին հրավիրել է հայկական կողմին մասնակցելու ԱՄՆ Առեւտրի դեպարտամենտի կողմից դեկտեմբերի 6-ին կազմակերպվող առցանց հանդիպմանը:ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հոկտեմբերի 18-ին կայացած հանդիպմանը դեսպանը նշել է, որ առցանց միջոցառմանը մասնակցելու են Հայաստանի ներդրումային հնարավորություններով հետաքրքրված ամերիկյան պետական կառույցների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:Հանդիպմանը կողմերը քննարկել են արդեն իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունավետությունը: Նախարարն անդրադարձել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում զբոսաշրջության ոլորտի համար մշակված «Հայաստանի օրինակելի փորձառություններ» գնահատման չափանիշներին եւ ստանդարտներին, տեղեկացնելով, որ ստանդարտներն արդեն ուղարկվել են Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին` հաստատելու եւ կիրառության մեջ դնելու նպատակով:Դեսպանը նշել է, որ Հայաստանը շատ գրավչություններ ունի թե՛ ներդրումների, թե՛ զբոսաշրջության զարգացման համար՝ հատուկ ընդգծելով գինեգործության ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները։ Նա նշել է, որ գինեգործության ոլորտում եւս զարգացման մեծ ներուժ է տեսնում։Իրականացվելիք ծրագրերից Վահան Քերոբյանը կարեւորել է ֆինանսական հատվածի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ նշելով, որ դրա մի մասն է կազմում վենչուրային ֆոնդերի ստեղծումը։ Նախարարի փոխանցմամբ՝ Հայաստանում արդեն զարգացում է ապրում այս ոլորտը, ինչի մասին են վկայում նոր հիմնվող վենչուրային ֆոնդերը։ Վահանն Քերոբյանը նաեւ կարեւորել է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին` նշելով, որ մեր երկիրը լավ հարթակ կարող է լինել այն ամերիկյան ընկերությունների համար, որոնք կցանկանան մուտք գործել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների շուկաներ։ Այս համատեքստում նա հրավիրել է ամերիկյան ընկերություններին տնտեսական գործունեություն ծավալել Հայաստանում: Նախարարն առաջարկել է նաեւ քննարկել ԱՄՆ-ում եւ Հայաստանում գործարարների համար երկուստեք հարկային բարելավումներ իրականացնելու հնարավորությունը: Tweet Դիտում՝ 1052