S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն եւ վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ եւ կարճաժամկետ վարկանիշը:«Ամերիաբանկին տրված այս վարկանիշը եւս մեկ անգամ վկայում է բանկի կայունության, ճանաչելիության, գործընկերների եւ հաճախորդների շրջանում ունեցած վստահության եւ պրոֆեսիոնալ կորպորատիվ կառավարման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: Ամերիաբանկի վարկանիշի վերանայմանը նախորդել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերանայումը. S&P գործակալությունը Հայաստանին շնորհել է «B+» երկարաժամկետ սուվերեն վարկանիշը` դրական հեռանկարով: Սա վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի Հանրապետությանը շնորհած առաջին սուվերեն վարկանիշն է: Ամերիաբանկի սեփական վարկարժանության (SACP) «bb-» ցուցանիշը մեկ քայլով բարձր է երկարաժամկետ «B+» վարկանիշից, քանի որ վերջինս սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկունակությամբ:«Ամերիաբանկի հեռանկարի վերանայումը «կայունից» «դրականի» պայմանավորված է 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի տնտեսության զգալի կայունացմամբ: S&P-ն բարելավել է Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճի տեմպի կանխատեսումը. 2021թ. համար կանխատեսվող աճը կազմում է 6.3%, իսկ 2022-2023թթ.` միջինում 4.3%: S&P-ի կարծիքով, Հայաստանում մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային միջավայրի կայունացումը պետք է նվազեցնի Հայաստանի բանկային համակարգում առկա ռիսկերը եւ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծի Ամերիաբանկի գործունեության եւ ֆինանսական դիրքի համար` նպաստելով նոր բիզնես ուղղությունների ընդլայնմանը եւ ակտիվների որակի բարելավմանը»,- նշել են բանկում: S&P վարկանիշային գործակալության գնահատականի համաձայն, Ամերիաբանկը Հայաստանում առաջատար դիրքերը պահպանելու լավ հնարավորություններ ունի` մակրոտնտեսական աճի հեռանկարների, տեղական շուկայում բանկի ճանաչելիության, պրոֆեսիոնալ ղեկավար անձնակազմի, թվայնացման համապարփակ ռազմավարության եւ պատշաճ կորպորատիվ կառավարման շնորհիվ: Tweet Դիտում՝ 7153