ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները միացել են համահայկական գորգի՝ Արեւագորգի ստեղծմանն ու 1200 կապ ավելացրել: Բանկը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի եւ «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ «Կապի՛ր, որ...» նախաձեռնությանը իր 1200 աշխատակիցների թվով նվիրաբերել է 1 մլն 200 հազար դրամ: Գորգի ստեղծման նպատակն է ստեղծել ավելի քան 238 000 կապ ունեցող Արցախի Ջրաբերդ համայնքի գորգը, որի կենտրոնում պատկերված արեւաշողերով խաչը պաշտպանության եւ ուժի խորհրդանիշ է։ Շուրջ 3 ամիս Հայաստանից եւ արտերկրից բազմաթիվ անհատներ եւ կազմակերպություններ կապեր կավելացնեն գորգին, յուրաքանչյուր կապի դիմաց 1000 դրամին համարժեք գումար կնվիրաբերվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Պատրաստ լինելուն պես Արեւագորգը աճուրդի կհանվի՝ հանգանակված ողջ գումարը կուղղվի հիմնադրամի շահառուներին:Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրենը նշել է, որ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ պարբերաբար իր մասնակցությունն է ունենում բարեգործական, սոցիալական եւ մշակութային միջոցառումներին»։ «Մեր Հայրենիքի դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրվանից ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ամուր կանգնած է եղել երկրի պաշտպանության դիրքերում: Բանկի ամբողջ թիմն արել է ամեն հնարավորը՝ Հայրենիքին ու Հայոց բանակին աջակցելու համար: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այսօր էլ, Արեւագորգին հանգույցներ ավելացնելով, կանգնեց Հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքը կամ առողջությունը զոհաբերած զինվորի կողքին: Աշխատակիցներից յուրաքանչյուրը հյուսեց իր հանգույցը՝ որպես ձգտում հզոր հայրենիքի, որպես հիշատակ մեր զինվորի, որպես աջակցություն մերօրյա հերոսների»,- նշված է բանկի տարածած հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 7080