ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն (ՊԳԿ) այսօր ներկայացրած հաշվետվությունում հայտնել է, որ պարենային ապրանքների համաշխարհային գները մարտին աճել են՝ արձանագրելով 10-րդ անընդմեջ ամսական աճը: Աղյուսակը գլխավորում են բուսական յուղերի եւ կաթնամթերքի գները:Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, մարտ ամսվա ընթացքում կազմել է միջինը 118.5 նիշ, ինչը 2,1%-ով բարձր է փետրվար ամսվա համեմատ եւ գրանցված ամենաբարձր ցուցանիշը՝ 2014թ.-ի հունիսից ի վեր: Գները տատանվել են ըստ ապրանքատեսակների: Հաշվետվության համաձայն՝ մարտ ամսվա աճը գլխավորում է Բուսական յուղերի գնային ինդեքսը, որը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 8%-ով եւ հասել գրեթե 10 տարվա մեջ արձանագրած ամենաբարձր ցուցանիշին՝ սոյայի յուղի գնի կտրուկ աճով պայմանավորված, մասամբ էլ կապված բիովառելիքի մեծ պահանջարկի հեռանկարների հետ:Կաթնամթերքի գնային ինդեքսը փետրվար ամսվա համեմատ աճել է 3,9%-ով: Կարագի գներն աճել են՝ Եվրոպայում փոքր-ինչ ավելացած մատակարարումների քանակների շնորհիվ, որոնք կապված են սննդի ծառայությունների ոլորտի վերականգնման ակնկալիքի հետ: Կաթի փոշու գները նույնպես բարձրացել են, ինչին նպաստել է Ասիայում, մասնավորապես Չինաստանում, ներմուծման աճը, Օվկիանիայում արտադրության անկումը, իսկ Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում տրանսպորտային բեռնարկղերի սակավ հասանելիությունը:Մսի գնային ինդեքսը նույնպես աճել է, փետրվար ամսվա համեմատ 2,3%-ով: Խոշոր եղջերավոր անասունների մսի գները կայուն են մնացել, մինչդեռ ոչխարի մսի գինը նվազել է:Հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը, hակառակ վերոնշյալի, նվազել է 1,8%-ով, սակայն այն դեռեւս 26,5%-ով բարձր է 2020թ.-ի մարտի ցուցանիշից: Եգիպտացորենի եւ բրնձի գները նույնպես նվազել են, իսկ սորգոյինը աճել:Շաքարի գնային ինդեքսը ամսվա ընթացքում նվազել է 4%-ով, ինչը պայմանավորված է Հնդկաստանից մեծաքանակ արտահանումների հեռանկարներով, բայց այն ավելի քան 30%-ով բարձր է իր նախորդ տարվա մակարդակից: Tweet Դիտում՝ 977