ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հերթական հանդիպմանը Ռեստորանների հայկական միության անդամները կարեւորել են զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի պահպանման խնդիրը եւ այդ առումով պետական աջակցության անհրաժեշտությունը։ Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման մասնակիցներն արձանագրել են վերջին շրջանում ոլորտում նկատվող դրական միտումները։ Նշվել է, որ անհրաժեշտ է օգտագործել պահը, երբ Հայաստանը դուրս է եկել համավարակի կարմիր գծից, եւ միջոցներ ձեռնարկել զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր գրավելու ուղղությամբ։ Վահան Քերոբյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտին ուղղված պետական աջակցությունն իրականացվում է ըստ ընթացակարգի եւ հայտնել, որ նոր նախագիծ է մշակվում նաեւ Զբոսաշրջության կոմիտեի կողմից, որի հետ հորդորել է ավելի ակտիվ համագործակցել։ Միության անդամները մի շարք առաջարկություններ են ներկայացրել, որոնցից մեկը պետական աջակցությամբ զբոսաշրջային միջոցառումներում գաստրոնոմիայի բաղադրիչի ներառումն է։ Անդրադարձ է եղել նաեւ մարզերում սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությանը։ Միությունը պատրաստակամություն է հայտնել որոշ մարզերում իրականացնել պիլոտային ծրագիր՝ կազմակերպել համապատասխան դասընթացներ։ «Իմ բոլոր հանդիպումների նպատակը միասին մեծ եւ երկարաժամկետ գաղափարներ ու ծրագրեր իրագործելն է, հատկապես մարզերում»,- ասել է նախարարը։ Tweet Դիտում՝ 1299