Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզում անցկացրած խորհրդակցության ժամանակ ասել է, որ կառավարության օրակարգում են բիզնես միջավայրի զարգացման հետ կապված խնդիրները:Նա նշել է, որ պետությունը շարունակելու է ներդրումային ծրագրերի իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ապահովման քայլերը, ըստ անհրաժեշտության իրականացնելով կոնկրետ օրենսդրական, իսկ ծրագրերում՝ բովանդակային փոփոխություններ: Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ պայմանավորված կորոնավիրուսային պանդեմիայով ու պատերազմով Արարատի մարզում գյուղմթերքների արտադրության ծավալները փոքր նվազում են արձանագրել, սակայն, օրինակ, խաղողի ու բանջարեղենային կուլտուրաների արտադրությունն աճել է: Մարզում գյուղնշանակության հողատարածքների թիվը կազմում է 156 հազ. հեկտար, որոնց թվում են նաեւ արոտավայրերը: Մշակվող հողատարածքների թիվը հասնում է 42 հազարի: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարեւորել է մշակվող հողատարածքների ավելացման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը՝ նշելով, որ կառավարությունը տարբեր միջոցառումներով, սուբսիդավորվող ծրագրերով շարունակելու է գյուղոլորտի խրախուսմանն ուղղված քայլերը: Տեղեկացվել է, որ 2020-ին մարզում իրականացվել է 2,5 մլրդ դրամի 73 սուբվենցիոն ծրագիր, որից կառավարության համաֆինանսավորումը կազմել է 1,3 մլրդ դրամ: 2021-ի առաջին ամսվա ընթացքում Արարատի մարզից արդեն իսկ ստացվել է 5 սուբվենցիոն ծրագրի հայտ: Tweet Դիտում՝ 1706