Այսօր Թբիլիսյան խճ. 26/8 հասցեում բացվել է Ազգային մոլը, որը մեկ տանիքի ներքո է համախմբում բոլոր հայ արտադրողներին։Այն մի խումբ ազգայնականների գաղափար է, որն իր հիմքում ամփոփում է Հայաստանն ու հայկականը։ Այս մասին Banks.am-ի հետ զրույցում նշել է Ազգային մոլի հանրային կապերի բաժնի պատասխանատու Կարինե Միքայելյանը։ «Ազգային մոլի գաղափարը ծնվել է ազգայնական շարժումից։ Հանրության կողմից պահանջարկը եւս շատ մեծ էր։ Այս հարթակի ստեղծման նպատակն է օգտակար լինել եւ զարգացնել Հայաստանի տնտեսությունը, որի համար էլ կարեւոր է մեկ տեղում համախմբել բոլոր հայ արտադրողներին ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից»,- նշել է նա։ Կարինե Միքայելյանի խոսքով՝ Ազգային մոլը տարբերվում է մյուս բոլոր հանրախանութներից նրանով, որ առաջարկում է շատ ցածր մարժա, որպեսզի հայ արտադրողները չունենան ֆինանսական դժվարություններ։ Բացի այդ, այստեղ հաճախորդները ստիպված չեն լինի մտածել՝ ինչպես գնեն հայկականը կամ ինչպես խոսափեն թուրքական արտադրանք գնելուց։ «Ազգային մոլն արդեն իսկ համագործակցում է 250-ից ավելի հայ արտադրողների հետ, եւ դեռեւս շարունակում ենք պայմանագրեր կնքել։ Այստեղ կարելի է գտնել այն ամենը, ինչ արտադրվում է Հայաստանում՝ տեքստիլ արտադրանք, խաղալիքներ, մթերք, լինելու է նաեւ վերնիսաժային տարածք։ Ուզում ենք կոչ անել հայ արտադրողներին, որպեսզի միանան այս գաղափարին, որը շատ կարեւոր է հատկապես հետպատերազմյան շրջանում ճգնաժամի հաղթահարման համար։ Նաեւ կոչ ենք անում հայ սպառողներին օգտվել հայկականից եւ խուսափել դրսի արտադրանքից՝ հատկապես թուրքականից»,- նշել է Կարինե Միքայելյանը։ Նա նաեւ վստահեցրել է, որ Ազգային մոլում ներկայացված հայկական արտադրանքը որակյալ է եւ մատչելի հայ սպառողի համար։ Tweet Դիտում՝ 7370