“Արցախբանկը” ցուցադրում է արդյունքներ, որոնցով կարելի է հպարտանալ”

05.05.2008 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արցախբանկի” վարչության նախագահ Կամո Ներսիսյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին##

- Ինչպիսի՞ն է “Արցախբանկի” զարգացման ռազմավարությունը:

- “Արցախբանկն” ավելի քան 12 տարի գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) շուկայում, իսկ 1999 թվականից սկսած 4 մասնաճյուղերի միջոցով ծառայություններ է մատուցում Երեւանում: Հաշվի առնելով բանկի ներուժն ու ֆինանսական ցուցանիշների աճի տեմպերը, մեր ռազմավարության առաջնայնությունն է ԼՂՀ եւ Հայաստանի բանկային շուկայում ներկայության ընդլայնումը:

2003 թ. սկսած բանկը ԼՂՀ կառավարության հետ համատեղ իրագործում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն աջակցելու ծրագիրը, որի շրջանակներում արդեն տրամադրվել են ավելի քան 2629 մլն դրամ ընդհանուր գումարի վարկեր` մինչեւ 6 տարի ժամկետով, տարեկան 6% տոկոսադրույքով:

2008 թ. սկսած “Արցախբանկն” ու ԼՂՀ կառավարությունը կսկսեն իրագործել նպատակային ծրագրեր` ուղղված տնտեսության զարգացմանն ու հիփոթեքային վարկավորման ակտիվացմանը: Այդ ծրագրերի շրջանակներում բիզնես-վարկեր կտրամադրվեն միչեւ 7 տարի ժամկետով, բնակարաններ ձեռք բերելու եւ կառուցելու վարկեր` մինչեւ 20 տարի ժամկետով` տարեկան 12% տոկոսադրույքով, որոնցից 6%-ը կսուբսիդավորի ԼՂՀ կառավարությունը:

Վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորումը կիրականացվի բանկի միջոցների եւ նրա բաժնետերերի նպատակային ներդրումների հաշվին:

ՀՀ բանկային հաստատությունների միջեւ սրված մրցակցության պայմաններում “Արցախբանկը” գրանցում է արդյունքներ, որոնցով կարելի է հպարտանալ:

1999–ից 2007 թթ. ընկած ժամանակահատվածում բանկի ակտիվներն աճել են ավելի քան 10 անգամ, ընդհանուր կապիտալը` 8 անգամ, վարկային ներդրումների ծավալը` 20 անգամ: Վերջին 2-3 տարիներին բանկը նվազեցրել է վարկերի տոկոսների միջին մակարդակը 2%-ով, երկարացրել է վարկավորման ժամկետները` միջինը 4 տարով:

Զգալի բարելավումներ են գրանցվել առաջարկվող ապրանքատեսակների, տեխնոլոգիական մեխանիզմների, մենեջմենտի եւ աշխատակիցների աշխատանքի առումով:

- “Արցախբանկի” մասնաճյուղերը գործում են ԼՂՀ տարածքում եւ Երեւանում: Չե՞ք նախատեսում ընդլայնել մասնաճյուղային ցանցը:

- Մոտ ապագայում նախատեսում ենք երկու նոր մասնաճյուղեր բացել Երեւանում եւ մեկը` Գյումրիում:

2007 թվականին բանկի մասնաճյուղերն ապահովել են 339 մլն դրամի համախառն շահույթ, ինչը կազմում է բանկի համախառն շահույթի 1/3-ը:

- Ինչպե՞ս է առաջ գնում չիփային պլաստիկ քարտերի թողարկման ձեր ծրագիրը:

- Ինչպես միշտ, “Արցախբանկը” շարունակում է մեծ ուշադրություն դարձնել նոր տեխնոլոգիաների զարգացմանը:

Հաշվի առնելով բնակչության պահանջարկն ու անկանխիկ վճարումների մասնաբաժնի աճի մեծ ներուժը, պլաստիկ քարտերի ուղղության զարգացումն առաջնահերթային է մեր բանկի համար: 2000 թվականից բանկը ArCa ազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է, 2005 թվականից` MasterCard միջազգային համակարգի անդամ, ինչը թույլ է տալիս մեզ ամեն տարի ավելացնել թողարկվող քարտերի ծավալները, բարելավել ծառայությունների որակը: Արդեն անցկացրել ենք չիփային քարտերի փորձնական թողարկում, եւ մոտ ապագայում նախատեսում ենք այդպիսի քարտերի լայնածավալ թողարկում MasterCard-ի բոլոր ապրանքատեսակների համար:

- Ինչպե՞ս է ընթանում “Արցախբանկում” ԼՂՀ քաղաքացիների ավանդների փոխհատուցման գործընթացը:

- 1999 թվականից սկսած ԼՂՀ նախագահի հրամանագրով “Արցախբանկի” միջոցով պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում է ԼՂՀ քաղաքացիների ավանդների նախնական փոխհատուցումը: 1999-2007 թթ. ժամակահատվածում ԼՂՀ քաղաքացիների ավանդների փոխհատուցմանն ուղղված փաստացի ընդհանուր գումարը կազմել է 966.5 մլն դրամ:

Դիտում՝ 6829
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW