Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ներկայացնելիս այսօր ասել է, որ «նա առիթ ունի բավարար ուշադրությամբ լսել բիզնեսին, մասնավոր հատվածին եւ այդ ոլորտի խնդիրները բարձրաձայնել կառավարությունում եւ անմիջապես զբաղվել դրանց լուծմամբ»: Վարչապետի խոսքով, Վահան Քերոբյանի թեկնածության շուրջ քննարկումներ է ունեցել Արդյունաբերողների եւ գործարարների միության, Ազգային ժողովի գլխադասային երկու հանձնաժողովների հետ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս բանաձեւը նախարարի կարգավիճակում առավել էֆեկտիվ կդարձնի նորանշանակ նախարարի աշխատանքը: Նախկին նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ասել է. «Մասնավոր հատվածը սպասում է, որպեսզի նախարարությունը շարունակի գործել: Շատ ուրախ եմ, որ պարոն Քերոբյանը գալիս է մասնավոր հատվածից՝ լավ պատկերացնելով այն խնդիրները, որոնք այնտեղ կան: Հուսով եմ եւ հավատում եմ, որ հաջողությունները երկար սպասեցնել չեն տա»: Վահան Քերոբյանն էլ իր հերթին նշել է, որ «կորոնավիրուսը եւ պատերազմական իրավիճակը նոր իրողություններ են առաջ բերել, եւ մարտահրավերների կարգը փոխվել է: Այսինքն՝ թե արագության, թե խնդիրների մասշտաբի առումով մենք այժմ ամբողջությամբ ուրիշ իրականության մեջ ենք: «Հայաստան-2050»-ի մեր տեսլականը, չնայած պատերազմի արհավիրքին, միեւնույն է՝ ես պահելու եմ մեր ուշադրության կիզակետում: Դա լինելու է այն ուղենիշը, որով մենք պետք է շարժվենք՝ միջինում 10% տնտեսական աճ եւ այլն: Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը»,- ասել է նորանշանակ նախարարը: Tweet Դիտում՝ 2215