Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանն այսօր ասել է, որ Արցախի մայրաքաղաքի բոլոր ենթակառուցվածքները շարունակում են բնականոն աշխատել։«Միայն գազամատակարարումն է անջատված, ինչը պայմանավորված է անվտանգության նկատառումներով, իսկ հրթիռակոծությունների հետեւանքով առաջացող խափանումների վերացման ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, մեր բոլոր խմբերն աշխատում են, որպեսզի որեւէ ծառայություն չդադարի գործել։ Անգամ աղբահանությունը կատարվում է ըստ սահմանված գրաֆիկի» - ասել է նա։ Փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ Ստեփանակերտի բնակիչների 50-60%-ը քաղաքում է մնացել։ Մայրաքաղաքում է պատսպարվել նաեւ Արցախի այլ շրջանների խաղաղ բնակիչների մի մասը։ «Մենք պատրաստի, կահավորված ապաստարաններ ունեինք, այդտեղ տեղակայված է խաղաղ բնակչությունը եւ մարդկանց թե նյութական, թե իրային կարիքների ապահովմամբ զբաղվում ենք անդադար»,- ասել է Սուրեն Թամրազյանը։ Արցախի Հանրապետության դեմ զինված լայնածավալ հարձակման առաջին օրից Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակավայրներն ու կենսական նշանակության ենթակառուցվածքները։ Միայն մայրաքաղաք Ստեփանակերտում հրթիռակոծությունից շուրջ 10 բնակելի եւ բազմաբնակարան շենքեր են վնասվել։ Հրթիռները վնասել են նաեւ էլեկտրակայաններ, կապի կայաններ եւ ճանապարհներ։ Tweet Դիտում՝ 928