Պարենային ապրանքների համաշխարհային գները հուլիսին աճել են

06.08.2020 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄԱԿ #ՊԳԿ #պարենային ապրանքներ
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ/FAO) հայտնում է, որ հուլիսին՝ երկրորդ ամիսն անընդմեջ պարենային ապրանքների համաշխարհային գներն աճել են։ Գնաճը պայմանավորված է բուսական յուղերի եւ կաթնամթերքի գների բարձրացմամբ:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, հուլիս ամսվա ընթացքում կազմել է միջինը 94.2 նիշ, ինչը 1.2%-ով բարձր է նախորդ ամսվա եւ գրեթե 1%-ով՝ 2019թ.-ի հուլիս ամսվա համեմատ:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հունիս ամսվանից աճել է 7.6%-ով, հասնելով վերջին հինգ ամսվա առավելագույն ցուցանիշին: Աճել են բոլոր հիմնական բուսայուղերի միջազգային գնառաջարկները: Արմավենու յուղի դեպքում պատճառը արտադրության դանդաղումն է, ներմուծման համաշխարհային պահանջարկի վերականգնումը եւ միգրանտ աշխատուժի տեւական պակասը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսն ամսվա ընթացքում աճել է 3.5%-ով: Ավելացել են բոլոր տեսակի կաթնամթերքների գները՝ սկսած կարագից, պանրից մինչեւ կաթի փոշի:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հունիսի համեմատ գրեթե մնացել է անփոփոխ, թեեւ կտրուկ աճ են գրանցել եգիպտացորենի եւ սորգոյի գները՝ Չինաստանի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներից կատարած մեծածավալ գնումների հետեւանքով: Բրնձի գները նվազել են՝ 2020թ.-ին մեծ քանակության բերքի ակնկալիքի ֆոնին: Ցորենի գները քիչ են փոխվել, ինչը կապված է առեւտրային գործունեության դանդաղեցման հետ:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն աճել է 1.4%-ով, քանզի Բրազիլիայում շաքարի արտադրության քաջալերող տվյալները միայն մասամբ են փոխհատուցում էներգիայի գների բարձրացման ազդեցությունը, ինչպես նաեւ ուժեղ երաշտի հետեւանքով Թաիլանդում շաքարի արտադրության ակնկալվող անկման պատճառով:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը հուլիսին նվազել է 1.8%-ով եւ կազմել միջինը 9.2% ցածր 2019թ.-ի հուլիսի համեմատ: Ամսվա ընթացքում նվազել են թե խոզի, թե տավարի մսի գնառաջարկները, քանի որ ներմուծման պահանջարկի համաշխարհային ծավալները մնացել են արտահանման հնարավորությունից ցածր, չնայած նրան, որ արտահանման հիմնական շրջաններում առկա են մսի արդյունաբերության կորոնավիրուսով պայմանավորված խափանումներ: Աճել են թռչնամսի գները՝ պայմանավորված Բրազիլիայում արտադրության կրճատման հետ, ինչը հետեւանք է կերի գնի աճի եւ հետագա պահանջարկի հետ առնչվող մտահոգությունների:

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի ծածկույթը 2020թ. հուլիսին ընդլայնվել եւ վերազինվել է: Առավել մանրամասն՝ այստեղ:
Դիտում՝ 2481
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW