Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով լուծում է առաջարկում մինչեւ 2015թ. հունվարի 1-ը սնանկ ճանաչված բազմաբնակարան կառուցապատողների եւ գնորդների միջեւ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել է, որ հարցը վերաբերում է սահմանափակ թվով գործարքների։ «Նախագիծը այն դեպքերի մասին է, երբ կառուցապատողի հետ կնքած պայմանագրի շրջանակում գնորդները կատարել են վճարումներ, բայց կառուցապատողը սնանկ է ճանաչվել եւ մեկ այլ կառուցապատող գնել է գործընթացն ավարտելու իրավունքը։ Մի կողմից կա բարեխիղճ գնորդ, մյուս կողմից՝ բարեխիղճ տնտեսվարող, բայց խնդիր կա մինչ այդ կատարված վճարումների ու գործարքի գնի հետ»,- ասել է նախարարը։Նա նշել է, որ նախագծով հնարավորություն կտրվի շուկայականից ցածր կամ Հարկային օրենսգրքով ընդհանուր կարգավորումներից տարբերվող մոտեցմամբ գործարքը ճանաչել շուկայականից ցածր գնով եւ հնարավորություն տալ, որ խնդիրը դուրս գա փակուղուց ու կառուցապատումն ավարտվի:Ատոմ Ջանջուղազյանը նաեւ նշել է, որ կարգավորումը վերաբերելու է մինչեւ 2015թ. հունվարի 1-ը կնքված գործարքներին, քանի որ դրանից հետո փոխված օրենսդրությունը կանխարգելում է նման իրավիճակի ռիսկը։ Tweet Դիտում՝ 4132